գլխավոր Իրադարձային «Նագգաշյան մանուկների տան» մանկավարժներն ու շրջանավարտները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում էին

«Նագգաշյան մանուկների տան» մանկավարժներն ու շրջանավարտները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում էին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր՝ մարտի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել է  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո Երևանում գործող «Նագգաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնի մանկավարժներին և շրջանավարտներին: Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվկան համակարգի ղեկավար Վահրամ քահանա Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումից։

«Հայցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը՝ կենտրոնի տնօրեն տիար Միհրան Միրիջանյանը ներկայացրեց մանկավարժներին և տեղեկացրեց, որ այս անգամ Հայոց Հոր հետ հանդիպմանը ներկա են կենտրոնի` մայրության բերկրանքին սպասող շրջանավարտները: Տնօրենը նաև իրազեկեց կենտրոնում կրթադաստիարակչական գործընթացի և սաների խնամքի կազմակերպման մասին։

Խոսքով հանդես եկավ նաև կենտրոնի փոխտնօրեն տիկին Նունե Գեղամյանը: Վերջինս, անդրադառնալով կենտրոնի ապագայի տեսլականներին, նշեց, որ կենտրոնը տարիների ընթացքում մեծ փորձ է կուտակել և իր գործունեությամբ հատուկ խնամքի ոլորտում վստահելի գործընկերի համբավ ձեռք բերել, որի շնորհիվ այսօր արդյունավետորեն համագործակցում է պետական պատկան կառույցների ու հասարակական կազմակերպությունների հետ:

Այնուհետև ներկաներին ողջունեց և իր հայրական օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Հայրապետը: Նորին Սրբությունն իր բերկրանքն արտահայտեց առ այն, որ հանդիպմանը ներկա են զավակներ սպասող շրջանավարտները՝ մաղթելով Աստծու ամենախնամ Աջի մշտական ներկայությունը նրանց կյանքից ներս:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր մասնավոր գնահատանքը հայտնեց կենտրոնի տնօրենին տասնամյա նվիրյալ ծառայության ու մանկավարժներին իրենց նախանձախնդիր աշխատանքի համար՝ միտված վարքային խնդիրներ ու խնամքի կարիք ունեցող երեխաների աջակցությանը: Նորին Սրբությունը, վերհիշելով իր պարբերական այցերը կենտրոն և հանդիպումները երեխաների ու պատանիների հետ, կարևոր և հանրօգուտ նկատեց կենտրոնի առաքելությունը Եկեղեցու սոցիալական ծառայությունների ընդհանուր շրջագծից ներս։

Հայրապետը նաև կարևորեց այն, որ կենտրոնի աշխատակազմը շարունակում է կապ պահել շրջանավարտների հետ և անհրաժեշտ հոգատարություն ցուցաբերել նրանց նկատմամբ։

Վեհափառ Հայրապետն ու ներկաները կիսվեցին կենտրոնի հետ կապված հուշերով՝ մասնավոր անդրադարձ կատարելով նաև կենտրոնն ավարտած սաների հետագա կյանքի ընթացքին։

Այսօր կենտրոնում խնամվում է 18 սան, շրջանավարտների թիվը 20-ն է»,- գրել է Տեր Վահրամ քահանա Մելիքյանը: