գլխավոր Գլխավոր Ես զբաղվելու եմ մեկ դեռահասի դաստիարակությամբ, և այդ դեռահասը Նիկոլ Փաշինյանն է․...

Ես զբաղվելու եմ մեկ դեռահասի դաստիարակությամբ, և այդ դեռահասը Նիկոլ Փաշինյանն է․ Արա Սաղաթելյան

«Կատարվեց մի աննորմալ ապօրինություն, որն սկսվեց, երբ եկան խուզարկելու գրասենյակը, որտեղ նաև ես էի: Խուզարկության ժամանակ առգրավվեց ամբողջ տեխնիկան և փաստաթղթերը: Այս ամբողջ գործընթացը քաղաքական էր, որը կազմակերպված էր Նիկոլ Փաշինյանի պահանջով»:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արա Սաղաթելյանը՝ ազատ արձակվելուց հետո: Նրա խոսքով` դատարանում քննիչը ամբողջությամբ չէր ներկայացնում փաստերը, իսկ դատարանը դեմ չէր «մոլորվելու»:

«Ինձ կալանավորեցին սարսափելի վախենալու ինչ-որ ցանցի ղեկավար լինելու մեղադրանքով: Մեր ուժայինների մոտ էնպիսի տպավորություն ա, որ VPN-ը թաքնվելու համար է, բայց VPN-ը ավելի մեծ քանակի ռեսուրսներից օգտվելու համար է: Մեղադրականի մեջ ինձ վերագվում էր, թե կապ ունեմ ինչ-որ ֆեյքի հետ, բայց ես դրա հետ ընդհանրապես կապ չունեմ»,- ասաց Արա Սաղաթելյանը:

Վերջինս նշեց իր համար շատ կարևոր է, որ բոլորն իմանան ինքն այդ ֆեյքի հետ որևէ աղերս չունի:

«Ես, բացի իմ հիմնական զբաղմունքից, աշխատում եմ որպես դասախոս: Իմ ուսանողները` 18-20 տարեկան աղջիկները, տեսան ԱԱԾ-ի այդ ապուշ րելիզը, որ ես վարում եմ Գագիկ Սողոմոնյանի ֆեյքը: Նրանք մտան այդ էջ, և տեսան այդ հայհոյախառը գրառումները: Դասախոս-ուսանող հարաբերությունների հիմքում ընկած է վստահությունը, ես չեմ կարող շարունակել այդ գործունեությունը, այդ պատճառով դադարեցնում եմ մանկավարժական գործունեությունս: Այլևս զբաղվելու եմ մի դեռահասի դաստիարակությամբ, որի անունն է Նիկոլ Փաշինյան, և զբաղվելու եմ մի ֆեյքով, որի անունն է Նիկոլ Փաշինյան»,- նշել է Արա Սաղաթելյանը:

Նա ընդգծեց, որ գործընթացը «փնթի» և անօրինական էր, այնքան «փնթի», որ խուզարկության սանկցիայի մեջ նշված էր, թե ինքը «Արմենպրես»-ի տնօրենն է: