գլխավոր Իրադարձային 250 Մվտ հզորությամբ ՋԷԿ-ը շահագործման կհանձնվի 2021 թվականին. Ծրագիրը հետաձգվել է, բայց...

250 Մվտ հզորությամբ ՋԷԿ-ը շահագործման կհանձնվի 2021 թվականին. Ծրագիրը հետաձգվել է, բայց ոչ անժամկետ

Լրատվականներից մեկը, հղում անելով կառավարության այսօրվա նիստում հաստատված ներդրումային համաձայնագրում փոփոխությունների նախագծին, գրել է, որ Իտալական «Ռենկո» ընկերության` 2018թ–ի մայիսին խոստացած 300 մլն դոլարի ներդրումն անորոշ ժամանակով հետաձգվել է, այն ինչ Երևանում նոր՝ 250 Մվտ հզորությամբ ՋԷԿ-ը արդեն պետք է կառուցված լիներ և ապահովեր 1000 նոր աշխատատեղեր։

Լրագրողը` հղում անելով նախագծի հիմնավորումներին, գրում է, որ նախագծում ներդրումային ծրագրի իրականացման նոր ժամկետ ֆիքսված չէ։  Այս մասին հայտնում են Տեղեկատվության ստուգման կենտրոնից:

«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» հայտնում է, որ նախագծում ՋԷԿ-ի շահագործման ամսաթիվը նշված է։

Այսպես, մարտի 4-ի կառավարության նիստի օրակարգում ՋԷԿ-ի կառուցման ներդրումային ծրագիրը 16-րդն է, որին կա կցված 4 փաստաթուղթ։ Նախագծում նշված է, որ որոշվում է հավանություն տալ համաձայնագրում փոփոխություններ կատարելուն՝ համաձայն հավելվածի։ Հավելվածի 1-ին հոդվածի 2-րդ կետն էլ իր հերթին սահմանում է՝ «Նախատեսված Կոմերցիոն Շահագործման Ամսաթիվ» նշանակել 2021 թվականի օգոստոսի 24-ը:

Մենք կապ հաստատեցինք նաև «Ռենկո» ընկերության տնօրենի տեղակալ Գեղամ Բակլաչևի հետ։ Վերջինս նշեց, որ ներդրումային ծրագրի անժամկետ հետաձգման մասին լուրը չի համապատասխանում իրականությանը։

Աղբյուր` Փաստինֆո