գլխավոր Իրադարձային ԲՈՒՀ-երը դեռևս քաղաքականությունից զերծ չեն. պատգամավորը՝ Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքների...

ԲՈՒՀ-երը դեռևս քաղաքականությունից զերծ չեն. պատգամավորը՝ Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքների փաթեթի մասին

ԱԺ-ն այսօր շարունակում է հերթական քառօրյայի աշխատանքները: Խորհրդարանում քննարկվում է Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Նախագծով առաջարկվող փոփոխությունները ներկայացնելիս ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ ռեկտորը ընտրվելու է խորհրդում և ընտրվելու է ցուցակային կազմի կեսից ավելի ձայներ հավաքելու պարագայում: Ընտրված ռեկտորը հրամանագրվում է լիազոր մարմնի կողմից: Դումանյանի խոսքով` փոխվել է նաև տարիքային շեմը, 65-ը դարձել է 70 տարեկան:

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն իր ելույթում նշեց՝ համարում է, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և 22 այլ օրենքներում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը բավարար համարձակ չէ. «Իմ կարծիքով՝ նախագիծը բավարար համարձակ չէ: Տարատեսակ լոբբիստական շրջանակներ իրենց բավարար ազդեցությունն ունեցել են, որպեսզի նախարարությունը չգնա համարձակ քայլերի: Սակայն նախագիծը մի քանի քայլ առաջարկ է»:

Նա շեշտեց, որ ԲՈՒՀ-ի ամենակարևոր դեմքերը պրոֆեսորներն ու դոցենտներն են. «Եթե համարենք, որ պրոֆեսորներն ու դոցենտներն ամենակարևոր մարդիկ են, ո՞վ է իրենց ընտրում, այո, ակադեմիական խորհուրդը: Իմ խորին համոզմամբ՝ ակադեմիական խորհուրդը խիստ քաղաքականացված է, քանի որ ակադեմիական խորհուրդներում մասնաբաժիններ ունեն տարբեր խմբեր: Եվ այդ խմբերից մեկը գոնե  մինչև այս պահի դրությամբ խիստ քաղաքականացված է: Հետևաբար, երբ մենք խոսում ենք քաղաքականությունից ԲՈՒՀ-երը զերծ պահելուց, ռեկտորի ընտրությունը քաղաքականությունից, պետությունից, մեզանից հեռու պահե՞լ ենք: ԲՈՒՀ-երը դեռևս քաղաքականությունից զերծ չեն»:

Պապոյանը նշեց՝ բուհերի դասախոսներն ազատ են տարբեր քաղաքական հայացքներ ունենալու և արտահայտելու հարցում, սակայն հավելեց, որ բուհերում ակադեմիական խորհուրդներում դեռևս կան խմբեր, որոնք շարունակում են սպասարկել ինչ-որ քաղաքական կոնկրետ շահեր. «Ես հուսով եմ, որ մի օր էլ ավելի համարձակ նախագիծ կներկայացնենք»,- նշեց պատգամավորը»: