գլխավոր Իրադարձային Ինչպե՞ս եք բարեփոխելու, եթե լավ կադրերին չեք մտցնում այդ համակարգ. Տարոն Սիմոնյան

Ինչպե՞ս եք բարեփոխելու, եթե լավ կադրերին չեք մտցնում այդ համակարգ. Տարոն Սիմոնյան

Մեր դիրքորոշումը հստակ է՝ հրատապ հրաժարական, ընտրության նշանակում և Գլխավոր շտաբին ձեռք չտալ, որովհետև ԳՇ-ին ձեռք տալ նշանակում է բանակը գլխատել, իսկ մենք նման շքեղություն թույլ տալու իրավունք չունենք, սահմաններում տեսնում ենք ի՞նչ է կատարվում, կա տեղեկատվություն, որ թե’ Տավուշում, և թե’ Սյունիքում հակառակորդը լուրջ ակտիվություն է դրսևորում. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

Անդրադառնալով երեկ ԱԺ-ի բակում լուսաձայնային նռնակների տեղադրելուն և դիպուկահարների ներկայությանը` Սիմոնյանն ասաց, որ զանգվածային միջոցառումների ժամանակ անվտանգությունը պետք է պահպանվի, բայց այլ բան է, երբ դա ցուցադրվում է, որովհետև, ըստ նրա՝ ուժի ցուցադրությունը Մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից լուրջ խնդիրներ են առաջացնում և դրա մասին Եվրոպայի խորհրդում կան ընդունված փաստաթղթեր, որոնք դա համարում են, ոչ համաչափ գործիք:

Լրագրողի դիտարկմանը, թե ԱԺ «Իմ քայլ» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ Վճռաբեկ դատարանի թեկնածուներին չեն ընտրելու, քանի որ արժանացել են ԲԴԽ նախագահի հավանությանը, պատգամավորը նշեց, որ դա հակապետական մտածողություն է, և եթե ցանկանում են դատական համակարգը բարեփոխել, ապա լավ կադրեր ներմուծելով պետք է բարեփոխել համակարգը:

«Դուք տեսաք, որ իշխանական բոլոր պատգամավորները կանգնեցին ու գովերգեցին այդ երկու թեկնածուին էլ, որպես լավ կադրեր և չեն քվեարկում, բա ինչպե՞ս եք բարեփոխելու այդ համակարգը, եթե լավ կադրերին չեք մտցնում այդ համակարգ, որ վատերին քիչ- քիչ հանեք: Պայմանավորում են քաղաքական ակցիաներով, միթե՞ դա լուրջ պետական մտածողություն է, իշխանությունը պետական մտածողության ավելի բարձր մակարդակ պետք է ցուցադրի, մինչդեռ դա չենք տեսնում: Լավ կադրերին չենք մտցնում դատական համակարգ պայմանավորում ենք ԲԴԽ նախագահի հայտարարությամբ, այն նախագահին, ում իրենք են տարել այնտեղ նստացրել, ու մեզ էլ փնովում էին, որ դեմ ենք այդ մարդու թեկնածությանը»,– ասաց նա։

Անդրադառնալով ԲԴԽ նախագահի վերաբերյալ իշխանության վերաբերմունքին, Տարոն Սիմոնյանն ասաց․ «Դատավորի թեկնածության պատշաճությունը քննարկելը թողած զբաղված ենք երրորդ անձի հայտարարությունը քննարկելով։ Եթե ուզում են գործից հանեն, Դատական Օրենսգրքի 85-րդ հոդված՝ էթիկական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգով կարող են հանել, ինչի՞ չեն հանում, իրենց ավելի շատ դուր են գալիս քաղաքական շոուները: Եթե ուզում են այդ մարդուն հանել պաշտոնից, թող գործընթաց սկսեին ԲԴԽ ում, բայց չեն անում, որ կանգնեն ժամանակ ծախսեն, հաշվել եմ՝ 7 ժամ խոսում էին այդ մարդու մի հայտարարության մասին, ո՞րն է դրա իմաստը»: