գլխավոր Տեսանյութեր Նոր պատերազմի սպառնալիքի տակ նահանջել ենք Սյունիքի դիրքերից. Արման Եղոյան (տեսանյութ)

Նոր պատերազմի սպառնալիքի տակ նահանջել ենք Սյունիքի դիրքերից. Արման Եղոյան (տեսանյութ)

Ես ոչ մի դեպքում չեմ կարող ասել, որ Արցախը հանձնված է, ես կարող եմ ասել, որ կորսված է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:

Դիտարկմանը, որ Իշխանաձորով ճանապարհ են բացել թշնամու համար, պատգամավորն ասաց, որ թշնամին եկել է ու մնացել:

«Այնտեղից հարձակում պետք է լիներ, ենթադրվում է դեպի Լաչին և այդ հարձակումը չի եղել, որովհետև այնտեղ, ի հեճուկս որոշ գործիչների հայտարարությունների, այո, նաև մեր Զինված ուժերն էր կանգնած: Ադրբեջանցիների Իշխանաձոր հասնելուց հետո այդ բնագծում եմ եղել ու իշխանաձորից կարծեմ մոտ 5 կմ հետո առաջացել են ու այլևս չեն առաջացել»,- ասաց պատգամավորը:

Պատգամավորի խոսքով՝ Արցախի, իրենց իմացած 12 հազար քառակուսի կիլոմետրանոց հանրապետության որևէ հողակտոր ինքնակամ չի տրվել հակառակորդին:

«Այն կա՛մ կորսվել է ուղղակի մարտական գործողությունների հետևանքով, կա՛մ օրինակ Քարվաճառը տրվել է որպես մարտական գործողությունների անուղղակի հետևանք»,- ասաց պատգամավորը:

Դիտարկմանը, թե ինչու են Սյունիքից հողատարածքներ զիջում, հատկապես, որ եռակողմ հայտարարությունում Սյունիքի մասին խոսք չի եղել, պատգամավորն ասաց, որ Սյունիքից ոչ մի դիրք չի զիջվել:

«ՀՀ Սյունիքի մարզն ունի իր սահմանները: Եթե դուք կարծում եք, որ այդ տեղը Գլխավոր շտաբը սխալ է որոշել, եկեք դուք նոր տեղ ասեք: Ասել թե GPS-ով է սահման որոշվում, նույնն է ասել, որ խոսափողն է խոսում, այլ ոչ թե ես»,- ասաց պատգամավորը:

Խոսելով Սյունիքի սահմանների մասին՝ պատգամավորն ասաց, որ ադրբեջանցիները պետք է մտածեն, որ եկել են անծանոթ միջավայր, սահմանի բերան, հայերով շրջապատված:

«Նոյեմբերի 9-ի հայտարարությունը վերաբերում էր Արցախի Հանրապետության սահմաններին, այսինքն՝ Արցախի Հանրապետության այն մասերում, որտեղ մարտական գործողություններ այլևս չէին իրականացվում: Այդ հայտարարությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանների ճշգրտման մասին չէ: Եթե դուք ուզում եք շատ ավելի պարզ պատասխան տամ, ապա՝ նոր պատերազմի սպառնալիքի տակ նահանջել ենք Սյունիքի դիրքերից»,- ասաց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։