գլխավոր Աշխարհ Կատվի պատճառով գնացքը կանգնել է

Կատվի պատճառով գնացքը կանգնել է

Կատուն, որը չէր ցանկանում իջնել Լոնդոնից Մանչեսթեր արագընթաց գնացքի տանիքից, դարձել է գնացքի աշխատանքի դադարեցման և անձնակազմի մեկնման հետաձգման պատճառ: Այս մասին տեղեկացնում է The Guardian պարբերականը:

Դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան` Լոնդոնի կենտրոնում գտնվող Յուսթոնի երկաթուղային կայարանում: Մանչեսթեր մեկնելուց մոտ կես ժամ առաջ կայարանի աշխատակիցները նկատել են, թե ինչպես է կատուն նստել գնացքի տանիքին`վտանգավոր հեռավորության վրա գտնվելով բարձր լարվածությամբ  մետաղալարից, միևնույն ժամանակ կենդանին հրաժարվում էր շարժվել իր տեղից:

Գնացքը ստիպված էին դուրս բերել շահագործումից, իսկ ուղևորները տեղափոխվել են մեկ այլ գնացք, ինչը հետագայում հանգեցրել է մեկնումի ուշացմանը:

Կայարանի աշխատակիցներին հաջողվել է կենդանուն հեռացնել միայն երկուսուկես ժամ անց: Նրանց խոսքերով ՝ կատուն հանգիստ տեսք ուներ: Դեռ հայտնի չէ, թե ինչպես է նա հայտնվել գնացքի տանիքի վրա:

«Սովորաբար մենք կայարանում գործ ունենք թռչունների հետ, բայց այստեղ մեր ամբողջ աշխատանքի ընթացքում սա առաջին կատուն է», -ասել է կայարանի մենեջեր Ջո Հենդրին: «Բարեբախտաբար հետաքրքրասիրությունը չի սպանել այս կատվին, մենք ուրախ ենք, որ նա չի վատնել իր ինը կյանքերից մեկը»,-ավելացրել է նա: