գլխավոր Իրադարձային Փաշինյանի հրաժարականը պահանջած համայնքապետի փոխարեն ԺՊ է նշանակվել «Վերջ թավիշին» կարգախոսով...

Փաշինյանի հրաժարականը պահանջած համայնքապետի փոխարեն ԺՊ է նշանակվել «Վերջ թավիշին» կարգախոսով երիտասարդը

Լոռու մարզի Թումանյան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Մխիթարյանը նշանակումից երկու օր անց իր հավատարմությունն է ցույց տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Խոշարացված համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը իշխանության կազմակերպած մարտի 1–ի ցույցի համար ավտոբուսներով մարդկանց է տարել Հրապարակ, իսկ երթի ողջ ընթացքում ուղիղ եթերով ու լուսանկարներով լուսաբանել հանրահավաքն ու դրան հաջորդած երթը։ Նշանակման նախորդ օրն էլ՝ փետրվարի 25–ին, Մխիթարյանն իր էջում գրառում էր արել՝ նշելով. «Վերջ թավիշին Հ. Գ. ամենուրեք», իսկ ժամեր անց արդեն տեղադրել Փաշինյանի կազմակերպած նախորդ՝ շտապ հավաքի լուսանկարներն ու կրկնել «Թավիշ չի լինելու»։ Այս մասին գրում է news.am-ը։

Լոռու մարզպետարանի կայքում հրապարակված համայնքի ղեկավարի ԺՊ–ի կենսագրությունում նշված է, որ Մխիթարյանը 33 տարեկան է, անկուսակցական, ժամանակին ՀԿ–ներից մեկում եղել է սոցիալական աշխատող, 2014 թվականից մինչ օրս աշխատում է Քարինջի միջնակարգ դպրոցում՝ որպես շախմատի ուսուցիչ, իսկ 2020 թ. հուլիսից մինչև 2021թ. փետրվար ամիսներին աշխատել է Թումանյանի ՍԱՏԳ-ում, որպես ավագ մասնագետ:

Լոռու մարզպետարանի կայքում նաև նշված է, որ Մխիթարյանը 2020թ. մասնակցել է Արցախյան երկրորդ պատերազմին: Համայնքի ղեկավարի ԺՊ–ի ֆեյսբուքյան էջից պարզ է դառնում, որ նա ակտիվ մասնակցություն է ունեցել 2018թ. իշխանափոխությանը, Հրայր Թովմասյանի և ՍԴ–ի դեմ իրականացվող «ԱՅՈ»–ի քարոզարշավին։ Մխիթարյանն իր էջում պարբերաբար կիսվում է   վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նրա կնոջ՝ Աննա Հակոբյանի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի գրառումներով և լուսանկարներով։ Նորանշանակ պաշտոնակատարը ժամանակին, անդրադառնալով բուռն քննարկումների առիթ դարձած պարգևավճարների թեմային, գրել է. «Պարգևավճարներից հիմնականում դժգոհում ու բարձրաձայնում են այն մարդիկ ովքեր հեղափոխության ժամանակ ու դրանից հետո միայն մտածում էին բարձր պաշտոնների համար: Բարձր պաշտոնների ակնկալիքով մի պաշտոնյայի հետ մոտիկանում էին, մյուսից նեղանում: Երբ հասկացան, որ Նոր Հայաստանում ծանոթ լինելը բավարար չի պաշտոն ունենալու համար սկսեցին նեղանալ ու դժգոհել ամեն ինչից»։

Տիգրան Մխիթարյանը 2016-ին ընտրվել էր Թումանյան համայնքի ավագանու անդամ, սակայն հետագայում հրաժարվել էր անդամությունից՝ պատճառաբանելով, որ չի կարողանում լեզու գտնել 25 տարվա համայնքապետի հետ։

Իսկ Թումանյանի՝ արդեն նախկին համայնքապետ Լևոն Զավարյանը, նախքան իր  լիազորությունների ավարտը միացել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։

«Թումանյանի հանայնքապետարանի աշխատակազմը եւս միանում է Սյունիքի, Շիրակի եւ մյուս մարզերի համայնքների կոչին, պահանջելով վարչապետի հրաժարականը՝ փրկելուՀայաստանի եւ հայ ժողովրդի պատիվը եւ արժանապատվությունը»,–դեկտեմբերի 8–ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր Զավարյանը։ Այս գրառումից երկու ամիս անց  Զավարյանը ոչ միայն չնշանակվեց համայնքի ղեկավարի ԺՊ, այլև իր տեղը զիջեց քաղաքական հակառակորդին, որն ինչպես պարզվեց, Փաշինյանի կարկառուն աջակիցներից է։

Հիշեցնենք, որ փետրվարի 26-ից դադարեցվել են Դիլիջան, Թումանյան և Տաթև համայնքների ղեկավարների լիազորությունները: Փետրվարի 14-ին այդ համայնքներում լրացել է համայնքի ղեկավարների լիազորությունների ժամկետը, սակայն երկրում հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված նոր ընտրություններ չեն նշանակվել։ Արդյունքում իշխանությունները, մինչև հաջորդ ընտրությունների անցկացումը երեք համայնքներում ժամանակավոր պաշտոնակատարներ են նշանակել ոչ թե գործող համայնքապետերին, այլ իրենց ցանկալի թեկնածուներին։ Մեր տեղեկություններով՝ ժամանակավոր պաշտոնակատար չնշանակված համայնքապետերը պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան, քանի որ համարում են, որ այս գործընթացը հակասահմանադրական է։