գլխավոր Իրադարձային Գերիների հարցը Ադրբեջանի համար դառնում է խնդրահարույց․ Արա Այվազյան

Գերիների հարցը Ադրբեջանի համար դառնում է խնդրահարույց․ Արա Այվազյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն այսօր ասել է, որ Ադրբեջանի կողմից հայ գերիների հարցի քաղաքականացումն անընդունելի է, ինչը նաև հաստատվում է միջազգային հանրության տարբեր ներկայացուցիչների կողմից։

«Տարբեր երկրների ղեկավարները, միջազգային կառույցներն ավելացնում են ճնշումն Ադրբեջանի վրա։ Իտալիայի խորհրդարանը երեկ ընդունել է բանաձև՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ լուծում տալ այս հումանիտար կարևորագույն հարցին»,- ասել է Արա Այվազյանը՝ Ազգային Ժողովում անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ հայ գերիների վերադարձի վերաբերյալ հայտարարությանը։

ԱԳ նախարարը նաև նշել է, որ գերիների վերադարձի համար օգտագործվում են բազմաթիվ խողովակներ։

«Տարածաշրջանում Ռուսաստանն ունի կարևոր դերակատարում և ՌԴ նախագահ Պուտինի, ԱԳ նախարար Լավրովի և պաշտպանության նախարար Շոյգուի միջոցով անմիջական շփումներ են տեղի ունենում այս հարցի ուղղությամբ և ռուսական կողմը հետևողականորեն այդ հարցը բարձրացնում է Ադրբեջանի ղեկավարության մոտ։ Գործընկերներիս հետ իմ բազմաթիվ հեռախոսազրույցների ընթացքում հարցն առաջնային կարեւորության է արժանանում, միջազգային կազմակերպություններում տարբեր ուղղություններով աշխատանք է տարվում։ Արձագանքներից ակնհայտ է, որ Ադրբեջանի համար այս հարցը դառնում է իսկապես խնդրահարույց»,- ասել է Արա Այվազյանը։