գլխավոր Իրադարձային Ապացուցեք, որ Օնիկ Գասպարյանը Սերժ Սարգսյանի հրամանով է պահանջել հրաժարական. Մարուքյանը՝ Փաշինյանին...

Ապացուցեք, որ Օնիկ Գասպարյանը Սերժ Սարգսյանի հրամանով է պահանջել հրաժարական. Մարուքյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)

«Ներկայացրեք ապացույցներ, որ ԳՇ պետը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով է արել հայտարարություն Նիկոլ Փաշինյանի հրաժարականի վերաբերյալ»։ Այս մասին այսօր ԱԺ հարցուպատասխանին Նիկոլ Փաշինյանին այսպիսի հարց ուղղեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Մարուքյանը հարցրեց նաև՝ արդյոք ինքն անձամբ չի՞ գնացել ԳՇ և խոսել գեներալների հետ, հասկանալ՝ ի՞նչ է տեղի ունեցել։

«Նոյեմբերի 10-ին արել եք հայտարարություն, որ ձեր ու բանակի ղեկավարության միջև կա մարտական եղբայրություն։ Ուզում եմ հասկանալ՝ ձեր և ձեր մարտական եղբայրների մեջ ի՞նչ է տեղի ունեցել»,- հարցրեց ԼՀԿ ղեկավարը։

Մարուքյանի հարցին պատասխանեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Նա նշեց, որ այն հայտարարությունները, որոնք արվել են վարչապետի կողմից, հավելյալ պարզաբանման կարիք չունեն. «Վարչապետը որքանով որ հարկ է համարել, այդ չափով է հայտարարություններն արել։ Եթե լինի հավելյալ պարզաբանման կարիք, կարծում եմ՝ անդրադարձ կլինի։ Մնացածի մասով կարող եմ ասել, որ պետք է ուղղակի ի գիտություն ընդունել այն հայտարարությունները, որոնք եղել են մարտի 1-ին»։

Մարուքյան խոսքով էլ՝ նման հայտարարություն ցանկացած գերատեսչության ղեկավարի մասին կարող է արվել, եթե չկա ապացույց. «Այսինքն՝ հրապարակային արվել է հայտարարություն, պարոն վարչապետն այստեղ է, ես զարմանում եմ ինչու ինքը չի պատասխանում, նման հայտարարություն ցանկացած գերատեսչության ղեկավարի մասին կարող է արվել, վաղն էլ կարող է ասեք՝ Արարատ Միրզոյանը ինչ-որ բան է արել Սերժ Սարգսյանի հրամանով։ Ասում եք՝ եթե անհրաժեշտություն լինի, անհրաժեշտություն կա։ Եղբայր, բան եք ասել, ձեր ասածն ապացուցեք։ Եթե առանց փաստական հիմքի մեղադրանք է դա, արձանագրենք, որ դա առանց փաստական հիմքի մեղադրանք է»։

Ավիյանն էլ արձագանքեց, թե ՀՀԿ-ականները դրա հետ կապված որոշակի հայտարարություններ արել են. «Կարող եք ծանոթանալ այդ հայտարարություններին»։