գլխավոր Գլխավոր Դուք իշխանության յուրացում եք կատարել․ Տարոն Սիմոնյանը՝ Ավինյանին

Դուք իշխանության յուրացում եք կատարել․ Տարոն Սիմոնյանը՝ Ավինյանին

Տարոն Սիմոյնաը ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին ու այդ հարցին կրկին պատասխանեց Տիգրան Ավինյանը։ Սիմոնյան-Ավինյան հարցուպատասխանը ներկայացնում ենք առանց խմբագրման։

Պարո՛ն Փաշինյան, մի որոշ ժամանակ առաջ համացանցում հրապարակվեց մի փաստաթուղթ՝ եռակողմ հայտարարություն, որի մասին ոչ մեկս տեղյակ չէինք, և որը, ըստ էության վերաբերում էր 2020 թվականի դեկտեմբերին կատարվող իրադարձություններին։ Փաստաթղթում սահմանվում էր հարաբերությունների կարգավորում, ինչը ներառում էր ՀՀ սահմանային հարցեր, սահմանանշում, կոորդինատներ որոշ, ներառում էր Արցախի Հանրապետության հետ կապված հարաբերությունների հարցեր, զորքերի տեղաշարժ։ Ես խոսում եմ այն փաստաթղթի մասին, որտեղ Կապան քաղաքը նաև թուրքերեն Կաֆան էր գրած, նշումով, որ հայերը ներկայացրել են առարկություն այդ անվան հետ։ Հիմա, այդ փաստաթղթի ներքևում չկար ստորագրություն, և բոլորը սկսեցին մտածել, որ սա կա՛մ կեղծ փաստաթուղթ է, կա՛մ փաստաթուղթ է, որը կառավարությունը ստորագրել է և չի հրապարակել, խուսափելու համար հետևանքներից, որը նաև քրեաիրավական հետևանքներ է ենթադրում։ Հիմա հարցս, ուզում եմ հասկանալ, ստորագրվե՞լ է արդյոք նման փաստաթուղթ, մեկ, ո՞վ է կառավարությունից ստորագրել այդ փաստաթուղթը, երկու, և այդ փաստաթուղթը ստորագրվել է որպես Ձեր կամքի արտահայտություն, թե էլի սպառնալիքի ներքո կնքված փաստաթուղթ։

Տարոն Սիմոնյան

Տիգրան Ավինյանը մոտեցավ ամբիոնին, խոր հոգոց հանեց ու այսպես պատասխանեց։

Շնորհակալություն, պարոն Սիմոնյան։Այս մասին բազմաթիվ անգամներ խոսել ենք և դեռևս 2020 թվականի դեկտեմբերի 19-ին ՊՆ-ը հայտարարություն ա տարածել, համաձայն որի, ցիտում եմ, համաձայն ձեռք բերված պայմանավորվածության, Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհային հատվածում երթևեկության անխափանության նկատառումներով տեղակայվում են ռուս սահմանապահ ուժեր։ Դեկտեմբերի 19-ի հայտարարությունն եմ ցիտում։ Գորի-Դավիթ Բեկ ճանապարհային հատվածի անվտանգությունը, որն անցնում է վիճարկելի տարածքով, կապահովվի ռուս սահմանապահների միջոցով։ Շփման գծի մի կողմում կտեղակայվեն Հայաստանի սահմանապահ ուժեր, Հայաստանի կողմից, Ադրբեջանի սահմանապահ ուժեր՝ Ադրբեջանի կողմից։ Եվ, ի պատասխան բոլոր այս հարցադրումներին, մենք անընդհատ կրկնում ենք, որ այս պայմանավորվածությունը եղել է դեռևս 2020 թվականի դեկտեմբերին ռուսական կողմի, ռուսական կողմն էլ համաձայնեցրել է Ադրբեջանի հետ։ Ես էս ամբիոնից հայտարարել եմ դրա մասին և փաստացի ասել եմ էն, ինչ դեռևս հայտարարել ենք 2020 թվականի դեկտեմբերին։ Ես ուզում եմ հասկանամ՝ անընդհատ էս թեման քննարկելը, ի․․ինչ նոր բան ենք հայտնաբերելու։ Ավել բացահայտելու որևէ բան չկա, պարո՛ն Սիմոնյան։

Տիգրան Ավինյան

Տարոն Սիմոնյանն էլ արձագանքեց այս պատասխանին՝ բողոքելով, որ ժամանակը քիչ է։

Պարզաբանեմ, պարոն Ավինյան, ժամանակը քիչ է, երկար էր պարզաբանումը պահանջում բայց փորձեմ արագ պարզաբանել։ Ես երեք հարց տվեցի, ստորագրվել է թե՝ ոչ, չպատասխանեցիք։ ամաձայնությունը կարող է բանավոր լինել, կարող է՝ գրավոր։ Պետք էր գրավոր․․․ փաստաթղթի տակ արդյո կա Ձեր կառավարության ներկայացուցիչներից մեկի ստորագրությունը, թե՝ ոչ։ Ո՞վ է այդ անձը։ Եվ արդյո՞ք սպառնալիքի ներքո է ստորագրվել, թե՝ ոչ։ Ասեմ ինչի։

Տարոն Սիմոնյան

Այստեղ Ավինյանն ընդհատեց Տարոն Սիմոնյանին՝ խնդրելով կրկնել երրորդ հարցը։ Սիմոնյանն էլ կրկնեց ու շարունակեց։

Ասեմ՝ ինչի եմ սա հարցնում։ Որովհետև էդ փաստաթուղթը կիրառման կարելի էր դնել բացառապես ԱԺ կողմից վավերացնելու պարագայում։ Եթե դա չի արվել և դուք, որպես կառավարություն, ինքնուրույն եք այդ ամեն ինչը կազմակերպել և կիրառել, դա նշանակում է քրեական օրենսգրքով սահմանված իշխանության յուրացում։ Որովհետև մեր սահմանադրությամբ, նման փաստաթղթերը ուժի մեջ են մտնում բացառապես ԱԺ կողմից վավերացնելու հետո։ Դուք էնպիսի, եթե իրականում դուք պատասխանեք՝ այո դուք դա արել եք, դուք էնպիսի իրավիճակի մեջ եք դնում ապագա սերունդներին, որ այդ փաստաթուղթ ստորագրած անձին ապագայում պետք է դատապարտեն, որպես հանցագործ, կամ նրան, որպես ոչ գործունակ անձնավորություն պարզապես հեռացնել, որպեսզի մենք, որպես պետականություն, ձեր ստորագրած փաստաթղթի տալից իրավաբանորեն կարողանանք դուրս գալ։ Սրա համար էր երեք հարցը։

Տարոն Սիմոնյան

Ավինյանն էլ հարցերին կոնկրետ պատասխան տալու փոխարեն կախվեց բառերից ու որևէ հստակ պատասխան չտվեց։

Պարո՛ն Սիմոնյան, ես Ձեզ վստահեցնում եմ, որ Ձեզ, որևէ բանի տակից պետք չի լինելու դուրս գալ ոչ իրավաբանորեն ոչ էլ այլ որևէ կերպ։ Եվ ուզում եմ վստահեցնել, որ որևէ իրավական խնդիր տվյալ հարցի հետ կապված չկա ու չի լինելու։ Շնորհակալություն։

Տիգրան Ավինյան