գլխավոր Իրադարձային Բաքուն տարբեր խոչընդոտներով կասեցնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությունը. Գարեգին Բ

Բաքուն տարբեր խոչընդոտներով կասեցնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությունը. Գարեգին Բ

Մարտի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցեց «Հայկական լեռնաշխարհի և դրա հարակից տարածքների ժողովուրդների քրիստոնեական պատմական-մշակութային ժառանգությունը» առցանց համաժողովին, որ կազմակերպվել էր Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (Շվեդիա), Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի, «Վիեննայի ակումբ» քաղաքական և տնտեսական վերլուծության համաեվրոպական կենտրոնի և «ՊԱՆԱՊ» խաղաղության պաշտպանության դաշինքի կողմից (Սլովակիա)։

Համաժողովի համաատենապետներն էին Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակ Տ. Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը, Պետական Էրմիտաժի գլխավոր տնօրեն պրոֆ․, դոկտ․ Միխայիլ Պիատրովսկին և Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ դոկտ․ Աշոտ Գրիգորյանը։ Երկօրյա համաժողովի ընթացքում երկու տասնյակից ավելի զեկույցներով հանդես կգան արտերկրի և Հայաստանի նշանավոր գիտնականներ, հասարակական գործիչներ և եկեղեցականներ։

Համաժողովը բացվեց Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքով, որի ընթացքում Հայոց Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց կազմակերպիչ հանձնախմբին, զեկուցողներին և մասնակիցներին։

Գարեգին Բ-ն իր խոսքում նշել է.

«Գերաշնորհ Տ. Տիրան եպիսկոպոս Պետրոսյան, Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակ,

Մեծահարգ ատենապետներ՝ տիարք Միխայիլ Պիոտրովսկի և Աշոտ Գրիգորյան,

Համաժողովի հարգարժան մասնակիցներ,

Հայոց հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ողջույնն ենք բերում ձեզ բոլորիդ։

Այս համաժողովի գումարումը կարևոր և այժմեական է հատկապես ներկայիս, երբ ամիսներ առաջ Ադրբեջանը Թուրքիայի և ահաբեկչական խմբավորումների հետ պատերազմ սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ, որի հետևանքով նաև վնասվեցին հայկական եկեղեցական և մշակութային կոթողներ։ Հարյուրամյակներ շարունակ մեր ժողովուրդը, իր ազգային նկարագրով ու հոգևոր արժեքներով զորացած, կերտել է իր կյանքը հայրենի բնօրրանում, կառուցել սքանչելի տաճարներ, ստեղծել բացառիկ ձեռագրեր, արվեստի ու դպրության բարձրարժեք գործեր: Արցախ աշխարհի ժառանգությունը՝ որպես հայ մշակույթի անբաժանելի մաս, մեծապես հարստացրել է ինչպես հայոց, այնպես էլ համաշխարհային մշակութային գանձարանը իր յուրօրինակ մեծ ավանդով:

Այսօր, սակայն, Արցախի բազմադարյա ժառանգության ճակատագիրը պատերազմի հետևանքով Արցախի օկուպացված և Ադրբեջանի տիրապետության տակ անցած տարածքներում վերստին վտանգված է: Ցավոք պիտի արձանագրենք, որ դեռևս նախորդ տարվա նոյեմբերից պաշտոնական Բաքուն տարատեսակ խոչընդոտներով կասեցնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությունը` մասնագետներ առաքելու Արցախ հայկական հոգևոր-մշակութային ժառանգության վիճակի գնահատման համար: Այս առթիվ Մայր Աթոռը, Հայաստանի և Արցախի պետական և հասարակական կազմակերպություններ դիմել են միջազգային պատկան կառույցների և պետությունների ղեկավարների, որպեսզի կարելին ձեռնարկվի, և ապահովվի մեր դարավոր ազգային և հոգևոր ժառանգության, մեր սրբավայրերի, մեր վանքերի ու եկեղեցիների, հազարավոր խաչքարերի պահպանությունը, և կանխարգելվի դրանց ոչնչացումը:

Հայության հետ առնչված ամեն ինչ ոչնչացնելու Ադրբեջանի մոլուցքը դրսևորվում է նաև մարդկային կյանքի հանդեպ դատապարտելի վերաբերմունքով։  Ադրբեջանը, ոտնահարելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, հրաժարվում է գերիների՝ «բոլորը բոլորի դիմաց» փոխանակման ստանձնած պարտավորությունից՝ դիվերսանտներ հայտարարելով պատերազմից հետո գերեվարված զինվորներին, ովքեր ռազմական գործողությունների դադարեցման հայտարարությունից անտեղյակ պատսպարվում էին անտառներում կամ իրենց դիրքերում։

Ադրբեջանական իշխանությունները, նկատելի է, որ ջանում են ամեն գնով ջնջել հայկական հետքն ու հայկական ներկայությունը Արցախ աշխարհում։ Նախիջևանի դարավոր հայկական գերեզմանի բազմաթիվ խաչքարերի իսպառ ոչնչացումը և դրա վերաբերյալ միջազգային հանրության ոչ համաչափ արձագանքը թերևս առիթ է ընծայել Ադրբեջանին կարծելու, որ մշակութային ցեղասպանությունը կարող է մնալ անպատիժ: Այս մասին է վկայում այն փաստը, որ վերջին պատերազմի ընթացքում երկու անգամ հրթիռակոծվեց Շուշիի Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցին, քանդվեցին Շուշիի Սբ. Հովհաննես (Կանաչ ժամ) եկեղեցու գմբեթները, ոչնչացվեցին Թալիշի հայկական հուշարձանները, Հադրութի շրջանի Առաքել գյուղի և Դիզափայտ լեռան գագաթին գտնվող Կատարո վանքի խաչքարերը և այլն:

Այս ամենից զատ նաև վտանգավոր միտում է նկատվում Ադրբեջանի կողմից խեղաթյուրելու հազարամյակների հայկական հոգևոր մշակույթի, մասնավորաբար Արցախի տարածքում եկեղեցական կառույցների պատկանելիության պատմական փաստերը: Այդ նենգ նպատակի համար նաև գործի են դրվում պատմական հիմնավորում չունեցող, գիտական շղարշի տակ ներկայացվող թեզեր, որոնք հայկական եկեղեցիները, սրբավայրերը դիտարկում են որպես կովկասյան աղվանական ծագում ունեցող կառույցներ։ Ադրբեջանի կողմից հայկական ժառանգությունը սեփականացնելու նոր քաղաքականություն է իրագործվում, որի դրսևորումներին ականատես ենք վերջին շրջանում։

Այս առումով այսօր հրամայական է գիտական անկողմնակալ մոտեցում ցուցաբերել ադրբեջանական զավթողական ու պատմության կեղծման քաղաքականության դեմ: Գնահատելի է, որ սույն համաժողովին ներկա պատվարժան մասնակիցներդ, քաջատեղյակ լինելով պատմությանը, ձեր խոսքով պիտի միջազգային հանրությանը առավել հասու դարձնեք Արցախի և տարածաշրջանի քրիստոնեական ժառանգությանը, դրա պատկանելիությանը, ինչպես նաև պահպանության կարևորությանն ու անհրաժեշտությանը։

Վերստին Մեր օրհնությունն ու գնահատանքը բերելով համաժողովի կազմակերպիչներին և բոլոր մասնակիցներիդ՝ մաղթում ենք ամենքիդ քաջառողջություն, հաջողություններ ձեր գովարժան գործունեության մեջ և բարի ընթացք համաժողովի աշխատանքներին։