գլխավոր Աշխարհ TikTok-ը հեռացնելու է ինքնասպանության կոչ պարունակող տեսանյութերը

TikTok-ը հեռացնելու է ինքնասպանության կոչ պարունակող տեսանյութերը

TikTok սոցիալական ցանցը հայտարարել է, որ իր հարթակից անհապաղ հեռացնում է տեսանյութերը, որոնք կարող են ինքնասպանության կամ ինքնավնասման պատճառ դառնալ: Այս մասին ընկերությունը հայտարարել է այն տեսանյութերի հայտնվելուց հետո, որոնցում երեխաներին կոչ են անում մարտի 3-ին մասնակցել զանգվածային ինքնասպանության ակցիայի: Այս մասին գրում է «Կոմերսանտ» պարբերականը:

«Ինչպես մենք նշում ենք մեր համայնքի ուղեցույցներում, մենք թույլ չենք տալիս հրապարակել բովանդակություն, որը պատկերում, խթանում, քարոզում կամ գովազդում է վարքը, որը կարող է հանգեցնել ինքնասպանության կամ ինքնավնասման: Մենք հեռացնում ենք համայնքի ուղեցույցները խախտող բովանդակությունը և արգելափակում համապատասխան հեշթեգերը, որպեսզի կանխենք օգտվողների մասնակցությունը վտանգավոր չելենջներին: Մենք հեռացրել ենք և շարունակում ենք անհապաղ բացահայտել և հեռացնել հարթակից ինքնասպանությունների հետ կապված տեսանյութերը»,-ասված է կազմակերպության հայտարարության մեջ:

TikTok-ը հավելել է, որ կան աջակցության հատուկ ռեսուրսներ և վստահության հեռախոսահամար այն օգտատերերի համար, որոնք հավելվածում նման բովանդակություն են փնտրում: