գլխավոր Իրադարձային Դատավոր Կարինե Պետրոսյանը դիմել է Վարչական դատարան՝ Ջհանգիրյանի լիազորությունները դադարեցնելու հարցով. Pastinfo.am

Դատավոր Կարինե Պետրոսյանը դիմել է Վարչական դատարան՝ Ջհանգիրյանի լիազորությունները դադարեցնելու հարցով. Pastinfo.am

«Pastinfo.am» կայքը գրում է. «Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով պարտավորեցնել ԲԴԽ նախագահին՝ անհապաղ հայտարարությամբ հանդես գալ ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ հայտարարությամբ։ 

Ավելի վաղ հայտնել ենք, որ դատավոր Կարինե Պետրոսյանը դիմել է ԲԴԽ նախագահին՝ խնդրելով «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 5-րդ կետի կարգով հայտարարություն հրապարակել՝ Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները դադարելու վերաբերյալ։ Որպես հիմնավորում դատավորը մատնանշել էր Գագիկ Ջհանգիրյանի՝ 65 տարին լրացած լինելու հանգամանքը։ Ըստ Պետրոսյանի՝ վերջինս չի կարող լինել լեգիտիմ դատարանի անդամ, հետևաբար՝ ԲԴԽ նախագահը պետք է հայտարարություն տարածի՝ Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները դադարելու վերաբերյալ։

Դատավոր Պետրոսյանն ավելի վաղ «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել էր, որ բացասական պատասխանի դեպքում կդիմի Վարչական դատարան՝ որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու հայցով, անհրաժեշտության դեպքում կբողոքարկեն եռաստիճան դատական համակարգով, հարկ եղած դեպքում կդիմեն նաև ՍԴ։

Այսպես, դատավորի կողմից ներկայացված հայցադիմումը Վարչական դատարան մուտք է եղել փետրվարի 24-ին և նույն օրը մակագրվել դատավոր Դանիել Դանիելյանին։ Հաշվի առնելով, որ հայցադիմումը ներկայացվել է ընդդեմ ԲԴԽ նախագահի և այն հանգամանքը, որ ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանը շարունակում է պաշտոնավարել՝ կարելի է արձանագրել, որ ԲԴԽ-ի կողմից կա՛մ բացասական պատասխան է ստացվել, կա՛մ դատավորի դիմումը մնացել է առանց լուծման։ Այս պահի դրությամբ՝ դեռևս տեղեկություններ չկան առ այն, թե դատարանն արդյո՞ք վարույթ ընդունել է դատավորի հայցադիմումը, թե մերժել է վարույթ ընդունելը կամ վերադարձրել է այն։

Նշենք, որ դատավոր Պետրոսյանը նախկինում նմանատիպ հայցադիմում ներկայացրել է՝ կապված ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի պաշտոնավարումը նույն հիմքով դադարեցնելու հետ, հետագայում նույն պահանջը բարձրացրել է նաև դատական կարգով, սակայն գործը կարճվել է, քանի որ Գագիկ Հարությունյանը հրաժարական է տվել»։