գլխավոր Իրադարձային Մահացել է հայտնի թավջութակահար Մեդեա Աբրահամյանը

Մահացել է հայտնի թավջութակահար Մեդեա Աբրահամյանը

Կյանքի 89-րդ տարում մահացել է հայտնի թավջութակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Մեդեա Աբրահամյանը: Այս մասին հայտնել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը:

Աբրահամյանն առաջին թավջութակահարն է, որը պատուհան է բացել դեպի միջազգային հեղինակավոր բեմեր: Նրան ծափահարել են աշխարհի բազմաթիվ երկրներում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում,  Կանադայում,  Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսլանդիայում, Արգենտինայում, Ուրուգվայում, Սիրիայում, Լիբանանում, Կորեայում, Ռումինիայում, Հունգարիայում, Բուլղարիայում, Լեհաստանում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում, նախկին խորհրդային հանրապետություններում և այլ երկրներում։

Ելույթներ է ունեցել աշխարհի ամենահեղինակավոր համերգասրահներում՝ Նյու Յորքի «Carnegie Hall»-ում, Փարիզի «Théâtre des Champs Elysées»-ում, «Salle Pleyel»-ում, Բուենոս Այրեսի «Teatro Colón»-ում, Լյուքսեմբուրգի «Grand Théâtre»-ում, Մոսկվայի «Bolshoi Théâtre»-ում և այլուր: Որպես երաժշտական փառատոների ժյուրիի անդամ և նախագահ՝ հանդես է եկել տարբեր երկրներում, վարել վարպետության դասեր:

1957 թվականից դասավանդում է Չայկովսկու անվան երաժշտական 10-ամյա դպրոցում, 1960 թվականից՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1983 թվականից՝ պրոֆեսոր)։ Նրա դպրոցն այսօր լայն ճանաչում ունի ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս: Նրա հայ, ռուս, չինացի, իրանցի և տարբեր այլ ազգությունների ուսանողներն այսօր փայլում են ԱՄՆ-ի, Մեքսիկայի, Ֆրանսիայի, Պորտուգալիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Բուլղարիայի և այլ երկրների բեմերում: Եղել է Երևանի քաղաքային Սովետի պատգամավոր (1965):

Թավջութակային գրականության բազում ստեղծագործություններ, որոնց գերակշիռ մասի առաջին կատարողն է եղել, գրվել են Մեդեա Աբրահամյանի կատարողական արվեստի շնորհիվ: Նրան նվիրված ստեղծագործություններ են հորինել հայ և օտարազգի մի քանի տասնյակ կոմպոզիտորներ (Էդուարդ Միրզոյան, Ալեքսանդր Հարությունյան, Ավետ Տերտերյան, Էդգար Հովհաննիսյան, Արտեմի Այվազյան, Ղազարոս Սարյան, Ադամ Խուդոյան, Մարտուն Իսրայելյան, Աշոտ Զոհրաբյան, Ռուբեն Սարգսյան, Էմին Արիստակեսյան, Էդուարդ Հայրապետյան, Ալեքսանդր և Վարդան Աճեմյաններ, Սեպուհ Աբգարյան, Ալիսիա Թերզյան, Լևոն Աստվածատրյան, Սուրեն Զաքարյան, Էդուարդ Սադոյան, Յուրի Գևորգյան, Իզաբելլա Արազովա, Ֆելիքս Գլոնտի, Զոլտան Ալմաշի, Եժի Մլոդիևսկի, Թենգիզ Շավլոխաշվիլի, Վաժա Ազարաշվիլի, Յուրի Լանյուկ և ուրիշներ):

Նրա լեգենդար անունն այսօր դարձել է դասական կատարողական արվեստի խորհրդանիշ: