գլխավոր Իրադարձային ԲԴԽ նախագահ-իշխանական պատգամավորներ բանավոր «մենամարտ» ԱԺ դահլիճում

ԲԴԽ նախագահ-իշխանական պատգամավորներ բանավոր «մենամարտ» ԱԺ դահլիճում

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ հարցուպատասխանը խորհրդարանում շարունակվում է։ Պատգամավորները մեկը մյուսի հետևից փորձում են նույն հարցի պատասխանը ստանալ։ Ու որպեսզի լեգիտիմացնեն հարցերի այդ աստիճան տարափը, հղում են անում հանրությանն ու ժողովրդին, թե՝ այս հարցերը հետաքրքրում են հենց նրանց։

Եվ այսպես, Արփի Դավոյան- ընդգծված հեգնական ու բարձր տոնով հարց ուղղեց Ռուբեն Վարդազարյանին, թե ինչ էր նշանակում անցյալ տարվա նոյեմբերի 19-ի՝ դատավորներին ուղղված նրա կոչը։ Հիշեցնենք, որ Վարդազարյանը սթափության կոչ էր արել դատավորներին։

Ռուբեն Վարդազարյանը ստիպված եղավ հիշեցնել, որ քաղաքական հարցերի չի պատասխանում, ընդ որում, այդ հարցին հարցուպատասխանի առաջին մասում, որը տեղի էր ունեցել երեկ, արեն անդրադարձել է։

Հայկ Կոնջորյանը նույնպես հղում արեց ժողովրդին հուզող հարցերին ու հարց տվեց «վնգստացող» դատավորների մասին։Ռուբեն Վարդազարյանը նշեց, որ հստակ հեգնանք է նկատում Կոնջորյանի հարցի մեջ։

Հաջորդն Արեն Մկրտչյանն էր։ Իր սովորության համաձայն կոռեկտության կոչ արեց ԲԴԽ նախագահին։ Ի դեպ, Արեն Մկրտչյանը սիրում է կոռեկտության կոչեր անել ընդդիմադիր պատգամավորներին, հատկապես Գևորգ Պետրոսյանին։

ԲԴԽ նախագահն էլ իր հերթին ստիպված եղավ Արեն Մկրտչյանի համար օրենք ցիտի, որպեսզի վերջինս հասկանա, թե ԲԴԽ Նախագահն ինչ իրավունք ունի, իսկ ինչ՝ ոչ։

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հորդորեց չսահմանափակել պատգամավորներին հարց-պատասխանի ժամանակ, որին ի պատասխան Ռուբեն Վարդազարյանն ընդգծեց՝ չի սահմանափակում որևէ պատգամավորի:

«Ես չեմ սահմանափակում պատգամավորներին, քանի որ նման լիազորություն և իրավասություն չունեմ, սակայն պատասխանել կամ չպատասխանելը իմ իրավասությունն է»,- ասաց նա:

Ռուբեն Վարդազարյանն անդրադարձավ նաև դատավորների հանձնարարություններ ստանալուն և նշեց, որ որևէ մեկը դատավորներին որևէ հանձնարարություն չի տալիս․

«Վերջին երկու տարվա ընթացքում, ինչ ես զբաղեցնում եմ նախագահի պաշտոնը, վստահաբար կարող եմ պնդել, որ դատական իշխանությունն իրապես անկախացել է», – Ազգային ժողովում այսօր հայտարարեց ԲԴԽ նախագահը։

«Հարցախեղդը» շարունակվում է։