գլխավոր Աշխարհ Թուրքերը ևս մի հայկական եկեղեցի են վաճառքի հանել

Թուրքերը ևս մի հայկական եկեղեցի են վաճառքի հանել

Թուրքիայում շարունակում են քրիստոնեական եկեղեցիների ու մշակութային կոթողների վաճառքի կամ դրանց ախոռի վերածման քաղաքականությունն ու գործունեությունը:

Նախորդ շաբաթ թուրքական առևտրային կայքերից մեկում Բուրսա քաղաքի Սեբթաշը թաղամասում գտնվող հայկական կաթոլիկ եկեղեցին 6 մլն թուրքական լիրայով վաճառքի հանվելուց հետո նախօրեին «Sahibiden.com» կայքում վաճառքի է հանվել Բուրսայի մյուս հայկական եկեղեցին։ Վերջին եկեղեցու համար հայտարարություն տեղադրող անձը վաճառքի համար  6 մլն 300․000 թուրքական լիրա է սահմանել։

Հայտարարությունում, որտեղ մանրամասներ չկան եկեղեցու անվան և վայրի մասին, նշվում է, որ պատմական եկեղեցին կարող է ծառայել որպես մշակույթի-արվեստի կենտրոն, թանգարան կամ հյուրանոց։

«Վաճառքի է հանվել Բուրսայի շրջանում գտնվող և մասնավոր սեփականության կարգավիճակ ունեցող պատմական եկեղեցին։ Եկեղեցին, որը կառուցվել է այստեղ ապրող հայերի համար, փոխանակությունից (1923թ․ հույն-թուրքական բնակչության փոխանակություն) հետո բնակիչների հեռանալու պատճառով անցել է մասնավոր սեփականության և 1923թ․ ի վեր մի որոշ ժամանակ շահագործվել է որպես ծխախոտի պահեստ, այնուհետև կարի ֆաբրիկա»,-ասվում է հայտարարությունում։

Նշենք, որ մինչև 1915թ. Բուրսայում և հարակից շրջաններում եղել է 17 հայկական եկեղեցի (Սբ. Աստվածածին, Սբ. Հրեշտակապետ, Սբ. Սարգիս, Սբ. Թադևոս Բարդուղիմեոս, Սբ. Հակոբ, Սբ. Գրիգոր Լուսավորիչ, Սբ. Կարապետ  և այլն):