գլխավոր Իրադարձային Ամերիկյան կողմը ջանքեր է գործադրում նպաստելու հայ ռազմագերիների վերադարձին. ԱՄՆ դեսպանը՝ Միրզոյանին

Ամերիկյան կողմը ջանքեր է գործադրում նպաստելու հայ ռազմագերիների վերադարձին. ԱՄՆ դեսպանը՝ Միրզոյանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսիին եւ Հայաստանում ԱՄՆ զարգացման ծրագրի գործակալության ղեկավար Դեւիդ Հոֆմանին: Այս մասին տեղեկանում ենք խորհրդարանի պաշտոնական կայքից։

Ողջունելով դեսպանին՝ Արարատ Միրզոյանը ներկայացրել է  կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարության ընդունումից հետո ստեղծված իրավիճակը եւ ընդգծել ռազմագերիների եւ գերեվարված անձանց հայրենիք վերադարձի խնդիրն առաջնային կարեւորություն ունի հայկական կողմի համար: Խորհրդարանի խոսնակը հույս է հայտնել, որ Միացյալ նահանգներն առավել ակտիվորեն կներգրավվեն այս խնդրի շուտափույթ կարգավորման գործում: Միրզոյանը նաեւ ընդգծել է, որ արցախյան հիմնախնդիրը չի կարելի կարգավորված համարել, քանի դեռ չի լուծվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ հիմնված ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա:

Դեսպան Թրեյսին իր հերթին նշել է, որ ամերիկյան կողմը ջանքեր է գործադրում նպաստելու հայ ռազմագերիների վերադարձին:

ԱՄՆԶԾ ղեկավար Դեւիդ Հոֆմանը Ազգային ժողովի նախագահին ներկայացրել է գործակալության ծրագրերը տարբեր ոլորտներում՝ անդրադարձ կատարելով խորհրդարանի աշխատանքներին եւ խորհրդարանի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերին:

Կողմերը զրույցի ընթացքում քննարկել են  հայ-ամերիկյան ընդհանուր օրակարգին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ երկուստեք ընդգծեցին Հայաստանում ներքաղաքական իրավիճակի լիցքաթափման կարեւորությունը»,– ասվում է հաղորդագրության մեջ։