
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ–ում, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտի 1-ի հանրահավաքին: Զոհրաբյանը շեշտեց, որ երթի մանակիցներն ուրախ վանկարկումներով ու «դըմփ–դըմփ–հու»–երով անցնում էին նույն այն փողոցներով, որտեղ ամեն օր սգո ժապավեններ են կապվում`ազդարարելով Արցախում զոհված զինվորների մահվան մասին։
Պատգամավորը հիշեցրեց նաև, որ Նիկոլ Փաշինյանն իր լրագրողական գործունեության ընթացքում ԱԺ ամբիոնն ու իր թերթը օգտագործել է իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի կիրառումը բացահայտելու համար, այսօր ինքն է զբաղված այդ նույն բանով։
«Այդպիսի վարչական ռեսուրսի կիրառում ՀՀ պատմության մեջ չի եղել»,– ասաց նա` հավելելով, որ ամենասարսափելին, սակայն, հանրահավաքին հաջորդած ցնծությունն էր` իր բոլոր դրսևորումներով։
«Ես դա համարում եմ անարգում Արցախի հասցեին, անարգում` 5000–ից ավելի մեր զոհված պայծառ տղաների հասցեին, ես համարում եմ անարգում այս պահին գերության մեջ գտնվող տղաների հասցեին»,– ասաց Զոհրաբյանը։
Պատասխանելով Փաշինյանի առաջարկած Սահմանադրական փոփոխությունների մասին հարցին` Զոհրաբյանը շեշտեց, որ այսուհետ այն ամենը, ինչ կազմակերպելու է Փաշինյանը, լինելու է կեղծված։ Նման անվստահություն ընդդիմադիր պատգամավորը հայտնեց նաև վարչապեի առաջարկած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նկատմամբ։
Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ընդդիմությունը չի դադարեցնելու բողոքի ակցիաները և մնալու է Բաղրամյան պողոտայում այնքան, մինչև Նիկոլ Փաշինյանը հեռանա։