գլխավոր Իրադարձային «Լուսավոր Հայաստանը» պատրաստ է ամեն բան անել, որ Ազգային ժողովը լուծարվի. Տարոն...

«Լուսավոր Հայաստանը» պատրաստ է ամեն բան անել, որ Ազգային ժողովը լուծարվի. Տարոն Սիմոնյան

Մենք այլևս չգիտենք՝ ինչ պետք է գրենք հուշագրում, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, և արտահերթ ընտրություններ լինեն, փաստացի այսօրվա խորհրդարանն ի վիճակի չէ լուծել մեր առջև ծառացած խնդիրները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը:

«Մենք առաջին իսկ օրվանից հայտարարել ենք, որ մենք արտահերթ ընտրություններ ենք պահանջում, քանի որ այսօրվա խորհրդարանն ունակ չէ արձագանքելու այսօրվա քաղաքական իրադարձություններին, այլևս չգիտենք՝ ինչ է պետք գրել հուշագրում, որ «Իմ քայլը» խմբակցությունը գնա այդ քայլին, իսկ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, և ԱԺ-ն լուծարվի: Ես և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պաստրաստ ենք ամեն ինչ անել, որ ԱԺ-ն լուծարվի»,- ասաց Տարոն Սիմոնյանը:

Տարոն Սիմոնյանը նաև հավելեց, որ նրանց չառաջադրվելը քաղաքական մանիպուլյացիա է, բայց միևնույն է, նրանք պատրաստ են այդ քայլին:

«Եթե ԱԺ-ի լուծարման համար պայման է, որ մենք չառաջադրվենք վարչապետի թեկնածուի համար, մենք չենք առաջադրվի, չնայած այդ հարցը որևէ կապ չունի, և սա քաղաքական մանիպուլյացիա է: Ես պատրաստ եմ հուշագիր ստորագրել, որ չեմ համոզի Էդմոն Մարուքյանին՝ որպես վարչապետի թեկնածու առաջադրվել»,- հավելեց նա

Տարոն Սիմոնյանի նաև անդրադարձավ Զինված ուժերի, ԳՇ-ի հայտարարությանը և նշեց՝ Հայաստանի պատմության մեջ այսպիսի  դեպք դեռ չի գրանցվել, և սա հստակ ահազանգ է:

«Այսպիսի գործողություն մենք չենք ունեցել մեր պետականության ամբողջ ընթացում, երբ ամբողջ բանակի  բարձրագույն սպայական անձնակազմը կանգնեն և պահանջեն, որ վարչապետը հեռանա, այսինքն՝ այնպիսի խոր հակասություն կա բանակի և գործադիր իշխանության ղեկավարի միջև, որ նրանք անլուծելի են համարում դա և պահանջում հրաժարական»,- ասաց Տարոն Սիմոնյան:

Նա նաև նշեց՝ Նիկոլ Փաշինյանն անձնական կամակորությունների պատճառով պատրաստ է պետականությունը կործանել:

«Այս իրավիճակում պետք է ողջախոհություն ցուցաբերել»,- ասաց նա: