գլխավոր Գլխավոր Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհեիի հետ

Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհեիի հետ

Մարտի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

«Զրուցակիցները հանգամանալից քննարկում ունեցան ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի մի շարք հարցերի շուրջ: ԱԳ նախարար Արա Այվազյանը և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին միմյանց շնորհավորեցին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք ուժի մեջ մտնելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ այն նոր թափ կհաղորդի Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին:

ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ հանձնակատարը մտքեր փոխանակեցին Արևելյան գործընկերության ետ-2020 տեսլականի շուրջ՝ ընդգծելով նախաձեռնության ամբողջականության և ներառականության ապահովման կարևորությունը:

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի: Երկուստեք կարևորվեց Արցախի ժողովրդին տեղում հումանիտար օգնության տրամադրումը: ԱԳ նախարարն առանձնահատուկ ընդգծեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված հումանիտար պարտավորությունների, մասնավորապես՝ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման իրագործման հրամայականը»,-ասվում է հաղորդագրության մեջ։