գլխավոր Իրադարձային 100 զինվոր շարունակում է ստանալ հոգեբանական բուժօգնություն

100 զինվոր շարունակում է ստանալ հոգեբանական բուժօգնություն

Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարանում 100-ից ավելի զինվոր հոգեբանական-վերականգնողական բուժում է ստանում։

Պատերազմի ընթացքում և պատերազմից հետո հոգեբանների և հոգեբույժների խումբը հոգեբանական աջակցություն է ցուցաբերում և վերականգնողական աշխատանքներ իրականացնում պատերազմի մասնակից զինվորների հետ:

Առողջարանում վերականգնվող զինվորներին բուժօգնություն ցուցաբերող խմբի գլխավոր հոգեբույժ Տիգրան Թունյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ այս պահին 100-ից ավելի զինվոր Դիլիջանում գտնվող «Լեռնային Հայաստան» առողջարանում շարունակում է ստանալ հոգեբանական-բժշկական աջակցություն. «Պատերազմը սկսելուց մինչև այսօր մոտ 400 զինվոր բժշկական օգնություն ստանալուց հետո վերադարձել է ծառայության: Միայն մի քանի զինվոր է եղել, որոնք ի վիճակի չեն եղել շարունակել ծառայությունը և զորացրվել են: Այս պահին վերականգնվող զինվորների քանակը քիչ է, սակայն պատերազմից հետո բազմաթիվ զինվորներ էին գալիս և միաժամանակ համարյա 100-150 զինվոր էինք ընդունում»:

Թունյանը նշեց, որ այս պահին վերականգնողական շրջան անցնող զինվորների մեծ մասի մոտ առկա են սուր սթրեսային ռեակցիաներ և հետտրավմատիկ սթրեսային խանգարումներ. «Ախտորոշումները հետևյալն են` հետտրավմատիկ սթրեսային խանգարումներ և սուր սթրեսային ռեակցիաներ, որը համեմատաբար թեթև ձևն է, սակայն այն այս փուլում բուժելու դեպքում կանխում ենք հետտրավմատիկ սթրեսային խանգարման առաջացումը, որը ժամանակին չբուժելու դեպքում տարիների ընթացքում հանգեցնում է մի շարք բարդացումների, և մարդը դառնում է ագրեսիվ, կոնֆլիկտային, նրանցից մի մասի մոտ առաջանում է ինքնասպանության ցանկություն, սկսում են կախվածություն ձեռք բերել ալկոհոլի և թմրանյութերի հանդեպ՝ փորձելով իրենց բացասական ախտանիշները ինչ-որ ձևով մեղմել»:

Թունյանի փոխանցմամբ` իրենց գործունեության այս փուլի հիմնական նպատակը զինվորների հետագա կյանքի որակի բարելավումն է. «Հիմնական նպատակը կարելի է բաժանել երկու մասի։ Մեկն այն է, որ տվյալ պահին առկա ախտանիշները կոմպենսացնում ենք և բուժում ենք ու դրանով շանս ենք տալիս, որ զինծառայողը հոգեկան ստաբիլության գա ու ավարտին հասցնի իր ծառայությունը, իսկ երկրորդը` բուժելով այս փուլում՝ հետտրավմատիկ սթրեսային ռեակցիան կանխարգելում ենք, որն ավելի ուշ փուլերում է առաջանում և ավելի քրոնիկ բնույթ է կրում»։ Հոգեբույժի խոսքով՝ նախապես հավաքագրված թիմը մեծամասամբ կազմավորվել է զորակոչի և կամավորների միջոցով, սակայն այս պահին աշխատող մասնագետների շարքում ընդգրկված են հիմնականում հոգեբույժներ և հոգեբաններ, քանի որ առանց հոգեբանական միջամտության հնարավոր չէ խնդիրը լուծել. «Այս պահին մեզ հետ աշխատում են 5 հոգեբաններ, 1 նյարդաբան, 3 հոգեբույժ և երաժտաթերապևտներ ու արտթերապևտներ:

Արտթերապիան անցկացնում էին դրսից եկած մասնագետները և նկարչական ֆորմատով աշխատանքներ էին տանում զինվորների հետ, իսկ երաժտաթերապիան լուրջ մասնագետների ներգրավվածությամբ անցկացնում ենք հատուկ թերապիա, որի ընթացքում զինվորներն են լինում մասնակիցը այդ երաժշտության ստեղծման, որն էլ աննկատ կերպով բերում է տրամադրության փոխմանը»: Հոգեբույժի փոխանցմամբ՝ մոտ 1,5 ամիս իրենց հետ է աշխատել նաև Ֆրեզնոյի համալսարանի հոգեբանների թիմը, ինչպես նաև ամերիկյան մեկ այլ՝ ՅՈՒՍԻԷԼ համալսարանի մասնագետների թիմը:

Թունյանն այս պահին վերականգնողական փուլ անցնող զինվորների բուժման արդյունավետությունը գնահատեց բարձր՝ նշելով, որ  անհրաժեշտ մասնագիտական օգնությունից բացի զինվորների վիճակի բարելավմանը նպաստում են նաև «Լեռնային Հայաստան» առողջարանի բարենպաստ պայմանները. «Բնությունը, մաքուր օդը, սնունդը և առողջարանի պայմանները միանշանակ նպաստում են զինվորների ինքնազգացողության լավացմանը: Ես կարող եմ վստահ ասել, որ այս պայմանները դրական են ազդել բուժման գործընթացին, քանի որ բանակում նման պայմաններ չեն եղել և մինչև այսօր բանակում հիմնականում հոգեբանական օգնությունները եղել են ավելի լուրջ խնդիրների դեպքում, և նման ախտանիշները սովորաբար անտեսվել են և չեն բուժվել»։