
Թուրքական լրատվամիջոցները մարտի 1-ին Հայաստան գալու և նկարահանումներ իրականացնելու համար հավատարմագրման հայտ չեն ներկայացրել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Արտգործնախարարությունը նման որևէ հայտ չի ստացել»,- ասաց նա։
Այսօր Wargonzo տելեգրամյան ալիքը տեղեկություններ էր տարածել, թե թուրքական ԶԼՄ-ները պատրաստվում են ժամանել Երևան՝ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքը լուսաբանելու։ Ալիքը մասնավորապես գրել էր թուրքական TRT պետական հեռուստաալիքի մասին ու նշել, որ լրագրողներն այժմ հարևան Վրաստանում են աշխատում:
Հավելենք, որ օտարերկրյա լրատվամիջոցները Հայաստանում տեսանկարահանում իրականացնելու համար պետք է ունենան հատուկ թույլտվություն մեր երկրի արտաքին գերատեսչությունից։