գլխավոր Իրադարձային Մեր կառավարությունը շատ սխալներ է անում, բայց դա ժողովրդի իշխանությունն է. Վահան...

Մեր կառավարությունը շատ սխալներ է անում, բայց դա ժողովրդի իշխանությունն է. Վահան Քերոբյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին մասնակցելը էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի համար ժողովրդի իշխանության անբեկանելիության ակտ է։

Նախարարը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և անդրադարձել նախկին ու ներկա իշխանությունների օրոք բիզնեսում տիրող վիճակին։ Քերոբյանի խոսքով՝ 2008 թվականի մարտի 1-ին, երբ ինքը մեծ ընկերության գործադիր տնօրեն էր, լքել էր Հայաստանը, քանի որ հանդգնել էր չենթարկվել քաղաքական ճնշումներին ու ընտրական պրոցեսում չսատարել հակաժողովրդական ուժերին։ Մինչդեռ այսօր, էկոնոմիկայի նախարարի համոզմամբ, մեր երկրում իշխանությունը պատկանում է ժողովրդին։

«Իշխանությունը պատկանում է այն բիզնեսմենին, որին առաջ «քերթում էին», իսկ հիմա նրանք չգիտեն, թե ով է հարկայինի պետը։ Այն գյուղացուն, որին առաջ իրենց գյուղամեջում ստորացնում ու ունեզրկում էին, իսկ այժմ մասշտաբային ֆինանսական օժանդակություններով սեփականությունն են ուժեղացնում։ Այն պետական ծառայողներին, որոնց առաջ ստիպում էին միտինգների գնալ, կաշառքներ վերցնել ու տալ վերև, իսկ այժմ պահանջում են միայն բարեխիղճ աշխատանք և ոչ մի քայլ` խղճի դեմ։ Այն առաջադեմ հանրությանը, որը ճնշում է կառավարությանը, որպեսզի կտրուկ աճեն գիտության և կրթության ֆինանսավորումը, և դրա հետ հաշվի են նստում պատգամավորները, կառավարության անդամները։ Այն երեխաներին, որոնք ապագա ունեն միայն ազատ Հայաստանում։ Այն տարեցներին, որոնց բարեկեցությունը, առողջությունը առաջնահերթություն է կառավարության համար։ Այն մարդկանց, որոնց ձայնը թանկարժեք է, ոչ թե պարտադրված 10000 դրամ` հինգ տարվա թալանի դիմաց։ Իշխանությունը պատկանում է բոլորին, այլ ոչ թե մի 500 ընտանիքի, որոնք ուրիշներին կեղեքելով հարստություն են դիզել»,- նշում է Քերոբյանը։

Նախարարը խոստովանել է՝ կառավարությունը շատ սխալներ է անում, բայց ըստ նրա՝ դա ժողովրդի իշխանությունն է, որն անկաշառ է և կփոխվի ժողովրդի ընտրությամբ։ Շեշտել է՝ որևէ մեկը չի կեղծի մարդկանց քվեն, որևէ մեկը արյուն չի թափի փողոցներում։

Էկոնոմիկայի նախարարի կարծիքով՝ վաղվա հանրահավաքն ուղղված է բանակի ուժեղացմանը, սպաների ու զինվորների արժանապատիվ ու բարեկեցիկ կյանքի ապահովմանը, Հայաստանի ազատ, անվտանգ ու պայծառ ապագային։

Նա իր բոլոր ընկերներին, գործընկերներին հորդորել է ներկա լինել հանրահավաքին։