գլխավոր Իրադարձային Առաջադրված մեղադրանքը ծայրահեղ ապօրինի է. փաստաբան

Առաջադրված մեղադրանքը ծայրահեղ ապօրինի է. փաստաբան

Փաստաբան Բենիկ Գալստյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է, որ իր պաշտպանյալ Արամ Սարգսյանը շարունակում է կալանավորված մնալ «Ֆեյսբուքյան օգտատեր Գագիկ Սողոմոնյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ու Արմեն Աբազյանի» քրեական գործով։ Գրառման մեջ ասվում է.

«Այս կիրակի օրով կցանկանայի բոլորին հիշեցնել, որ իմ պաշտպանյալ, երեք անչափահաս երեխաների հայր Արամ Սարգսյանը շարունակում է տրամաբանությանը և իրավագիտությանը հակասող պայմաններում մնալ կալանավորված «Ֆեյսբուքյան օգտատեր Գագիկ Սողոմոնյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ու Արմեն Աբազյանի» քրեական գործով։

Առաջադրված մեղադրանքը ոչ միայն ծայրահեղ ապօրինի է, անհիմն և որևէ կերպ չփաստարկված, այլև գործով կա առերևույթ փաստական տվյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի կողմից Արամ Սարգսյանին կալանավորած դատավոր Վահագն Մելիքյանի նկատմամբ գործադրած ուղղակի ճնշման և նրան ապօրինի կալանավորելու հանձնարարական տալու վերաբերյալ։

Բացառությամբ Արթուր Մկրտչյանի կողմից նման ճնշում գործադրելու՝ անհնար է պատկերացնել, թե ինչը կարող էր ստիպել երկարամյա դատավոր Վահագն Մելիքյանին հիմնավոր կասկածի առկայությունը հաստատել, առավել ևս՝ ՀՀ քրեական օրենսգրքի 307.4-րդ հոդվածով, այն պայմաններում երբ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները նախ՝ կասեցվել են Սահմանադրական դատարանի կողմից, իսկ ապա՝ 2020 թվականի դեկտեմբերի 2-ին ուժը կորցրած ճանաչվել Կառավարության կողմից»-գրել է փաստաբանը։