գլխավոր Գլխավոր Ես իշխանություն չունեմ․ Նիկոլ Փաշինյան

Ես իշխանություն չունեմ․ Նիկոլ Փաշինյան

RA National Assembly session took place

Փաշինյանն իր հերթական լայվում խոսեց վաղը տեղի ունենալիք հանրահավաքից, որը նա ցանկանում է կազմակերպել։ Ենթադրվում էր, որ դա պետք է լինի երթ, նվիրված «Մարտի 1»-ի զոհերի հիշատակին, սակայն Փաշինյանն իր լայվում ասաց, որ հանրահավաքի օրակարգը մի փոքր այլ է։

Վաղվա հանրահավաքով մենք, կարծում եմ՝ պետք է վերահաստատենք մեր հանրության և ժողովրդի հաստատակամությունը պաշտպանելու քաղաքացիական, ժողովրդական, ժողովրդավարական, սահմանադրական ու ժողովրդի իշխանության կարգը Հայաստանում։

Նիկոլ Փաշինյան

Ըստ Փաշինյանի, խոսքը ոչ թե ներկա կառավարության կամ իր իշխանությունը պաշտպանելու մասին է, այլ, ըստ իրեն, «ժողովրդի իշխանությունը»։

Ես, որպես այդպիսին, այս երկրում իշխանություն չունեմ։ Իշխանություն ունի ժողովուրդը, որը ինչ-որ ժամանակով, ինքը կորոշի՝ինչ ժամանակով, այդ իշխանությունը պատվիրակել է ինձ։ Հետևաբար, առաջին կարևորագույն իմաստը ժողովրդական, քաղաքացիական ու սահմանադրական կարգն ու իրավունքը պաշտպանելու հաստատակամությունն ի ցույց դնելու մեջ է։

Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը համոզված է, որ փորձ է արվում լարում մտցնել ու խոսել քաղաքացիական բախումներից։ Սակայն Փաշինյանը վստահ է, որ նոր «Մարտի մեկեր» ու քաղաքացիական բախումներ տեղի չեն ունենալու։

Մարտի 1-ի էջը մեզ համար փակված է անդառնալիորեն։

Նիկոլ Փաշինյան

Հիշեցնենք, որ նախորդ հանրահավաքին նախորդած երթի ժամանակ Փաշինյանն իր երթուղին կառուցեց այնպես, որ թափորն անցնի Ազատության հրապարակի հարակից հատվածով, որտեղ հավաքված էր ընդդիմությունն ու դրա մասին հայտարարվել էր նախորոք։ Այդ հատվածով անցնելիս, մինի բախումներ, այնուամենայնիվ, եղան։

Փաշինյանն ընդգծեց, որ հանրահավաքի ժամանակ կանդրադառնա նաև «Մարտի 1-ի» դատավարությանն ու «Ռազմական հեղաշրջման» փորձին։ Նախագահի երեկվա կայացրած որոշումն էլ վարչապետը որակեց, որպես «անհասկանալի որոշում»։

Ես ի ցույց կդնեմ, որ այդ որոշումը բացարձակապես անհիմն է ու որևէ օրինական հիմք չունի։

Նիկոլ Փաշինյան

Փաշինյանն ընդգծեց, որ ցանկանում է անդրադառնալ նաև դատական համակարգի ու այդ ոլորտում անելիքներին։ Չմոռացավ շեշտել նաև ԲԴԽ-ին։

Հիշեցնենք, որ ԲԴԽ նախագահը նույնպես պահանջել էր կառավարության հրաժարականը։