գլխավոր Գլխավոր Դա ադրբեջանական պատասխանն էր պատմական բնօրրանում ազատ ապրելու խաղաղ պայքարին. Արմեն Սարգսյան

Դա ադրբեջանական պատասխանն էր պատմական բնօրրանում ազատ ապրելու խաղաղ պայքարին. Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձը է սումգայիթյան ողբերգության 33-րդ տարելիցի կապակցությամբ։ Ուղերձում ասվում է․

«Սիրելի հայրենակիցներ,

33 տարի առաջ այս օրերին Ադրբեջանում՝ Սումգայիթ քաղաքում իրականացվեցին արյունոտ գործողություններ տեղի հայ բնակիչների դեմ:

Ադրբեջանի իշխանությունների կողմից ծրագրված և իրագործված զանգվածային ջարդերը, կոտորածն եւ բռնությունները, տեղահանումը և ունեզրկումը հանցագործություն էին հայերի նկատմամբ: Դա ադրբեջանական պատասխանն էր պատմական բնօրրանում ազատ ապրելու՝ Արցախի մեր հայրենակիցների կողմից մղվող խաղաղ պայքարին:

«Սումգայիթի» անպատժվածությունը երկու տարի անց հանգեցրեց այլ ողբերգությունների, այս անգամ Բաքվում, ապա՝ Գանձակում, Մարաղայում:

Հայատյացության քաղաքականությունը դրսևորվեց նաև վերջին պատերազմում՝ մասնավորապես Արցախի բնակչության, հայ գերիների հանդեպ դրսևորված անմարդկային վերաբերմունքի, խոշտանգումների, սպանությունների ձևով: Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով դեռևս անհայտ է մեր բազմաթիվ հայրենակիցների ճակատագիրը:

Խստորեն դատապարտելի են սումգայիթյան ոճրագործությունը և հայերի հանդեպ իրականացվող էթնիկ զտման ադրբեջանական ողջ քաղաքականությունը, որ տեղի է ունենում արդեն ժամանակակից քաղաքակրթության պայմաններում:

Խոնարհվում եմ ադրբեջանական բռնություններին զոհ գնացած մեր հայրենակիցների հիշատակի առջև:

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի»: