գլխավոր Իրադարձային Վարչապետը դատախազին չի՞ հրավիրել. դատախազությունը պարզաբանում է

Վարչապետը դատախազին չի՞ հրավիրել. դատախազությունը պարզաբանում է

Ըստ տարածված լուրերի, Փաշինյանն իր մոտ է կանչել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և տարբերակներ քննարկել ամեն գնով ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի նկատմամբ գործ հարուցելու համար։

Տեղեկատվությունը, թե իբր ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ վարչապետի մոտ է հրավիրվել ու ինչ-որ հարցեր են քննարկում, բացարձակ սուտ է: Այս մասին հայտնում է ԳԴ մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանը` պարզաբանելով մամուլում առկա լուրերը։

Ընդդիմության հանրահավաքի մասնակիցների երթը նախագահի կողմից ԳՇ պետի ազատման միջնորդությունը հետ ուղարկելուց հետո. 27 փետրվարի, 2021

 «ՀՀ գլխավոր դատախազը որևէ հանդիպման չի մասնակցում, հետևաբար նաև որևէ նման հարց չի քննարկել և չէր կարող քննարկել»,– նշում է Խաչատրյանը։

Նշենք, որ ըստ տարածված լուրերի, ՀՀ նախագահի այսօրվա որոշումից հետո վարչապետ Փաշինյանն իր մոտ է կանչել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և տարբերակներ քննարկել ամեն գնով ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի նկատմամբ գործ հարուցելու համար։

Լւրեր կային նաև, որ ԱԱԾ–ին ու ոստիկանության հատուկջոկատայիններին էլ հրահանգել է ձերբակալել Օնիկ Գասպարյանին։ Բայց ոստիկանության սպաները հրաժարվել են կատարել Փաշինյանի հրահանգը:

Դրանից հետո, ըստ լուրերի, ոստիկանապետ Վահե Ղազարյանը ազատման դիմում է գրել, ինչը ևս ոստիկանությունն արդեն հերքել է։

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել ու հետ է ուղարկել կառավարություն։

Ընդդիմությունը փետրվարի 25-ից Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց է անում։