
Կանադայի գլխավոր կենսաթոշակային հիմնադրամի ղեկավար Մարկ Մաչինը հրաժարական է ներկայացրել «Քովիդ-19»-ի դեմ Pfizer պատվաստանյութով պատվաստվելուց հետո՝ շրջանցելով կառավարական ծրագրով սահմանված առաջահերթությունները:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Մարկ Մաչինը պատվաստվել է Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնելուց առաջ: 54-ամյա պաշտոնյան երկրորդ բարձրաստիճան գործիչն է Կանադայում, որը հրաժարական է տվել արտահերթ պատվաստվելու պատճառով:
Անցյալ ամիս Great Canadian Gaming Corp ընկերության ղեկավար Ռոդ Բեյքերը հրաժարական էր ներկայացրել, երբ նրան և կնոջը մեղադրեցին Կանադայի հյուսիսային շրջաններ ճանապարհորդելու և երկրի ղեկավարությանը մոլորեցնելու մեջ՝ պատվաստվելու նպատակով:
Կանադայում պատվաստումն արվում է անվճար, սակայն հերթը 50-ից ցածր տարիքի և առողջ մարդկանց դեռ չի հասել:
Երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 860 հազարը, իսկ մահացածներինը՝ 21 հազարը: