գլխավոր Իրադարձային Նիկոլ Փաշինյանը գեներալի կոչում տվող չի, գեներալի կոչումը իրենց տնից չի բերել,...

Նիկոլ Փաշինյանը գեներալի կոչում տվող չի, գեներալի կոչումը իրենց տնից չի բերել, որ տա ինձ. Արթուր Վանեցյան

Անհատները գերիների հարցը լուծել չեն կարող, որովհետեւ այս հարցը իշխանություններն իրենց ապաշնորհության արդյունքում դրել են ծուղակում, իսկ Ադրբեջանը գերիների հարցը դարձրել է քաղաքականացրել է։ Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, Բաղրամյան պողոտայում՝ լրագրողների հետ զրույցում, հայտարարեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Անվտանգային համակարգում ընդգրկված կառույցներն աշխատում են ընդդիմության բողոքի ակցիաները կասեցնելով, գտնում են մարդկանց, որոնք հայտարարում են, որ ընդդիմության ակցիաները խանգարում են երեխաների վերադարձին։ Եթե ընդդիմությունն այս շարժումն էլ չաներ, որեւէ բան չէին անելու։

Գերիների հարցը լուծելու համար դու պետք է ունենաս պետական լծակներ, պետական կապեր, պետք է երկիր ներկայացնես, խոսես, պայմանավորվես։ Անհատներն այս հարցը լուծել չեն կարող, որովհետեւ այս հարցը իշխանություններն իրենց ապաշնորհության արդյունքում դրել են ծուղակում, իսկ Ադրբեջանը գերիների հարցը քաղաքականացրել է եւ օգտագործում է ի շահ իրեն, այսինքն՝ Հայաստանի իշխանությունը պահում է իրենից կախման մեջ։ Եվ, ի վերջո, պարտված իշխանությունն ի վիճակի չէ պահանջներ ներկայացնել իրեն, ցավոք սրտի, հաղթած կողմին»,- ասաց Արթուր Վանեցյանը։

Հարցին, թե այդ դեպքում ո՞ւմ շնորհիվ են Հայաստան վերադարձվել մի քանի գերիներ, Վանեցյանը պատասխանեց․ «Ռուսաստանի դաշնության եւ անձամբ Վլադիմիր Պուտինի»։

Արթուր Վանեցյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի միակ հենարանը մնացել է մանիպուլյացիան. «Նիկոլ Փաշինյանը մանիպուլյացիայով եկավ իշխանության եւ շարունակվում է մանիպուլյացիայով մնալ իշխանության։ Նիկոլ Փաշինյանը Գլխավոր շտաբի հայտարարությունից հետո արագ դուրս եկավ փողոց։ Նրան հետաքրքիր չէր՝ պատշգամբներից նրան վիրավորում են, ասում են դավաճան, ինքը բոլորին ժպտում եւ համբույրներ էր ուղարկում։ Իսկ սպառնալիքը հրապարակային չէր։ Իրականում իր մեջ այդ սպառնալիքն է, բայց տեսախցիկների մոտ ցույց է տալիս, որ բոլորն իրեն աջակցում են։ Չկա մարդ, որն աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իշխանությունը բացառիկ ունակություններ ունի մարդկանց մաիպուլացնելու։ Ունի ֆեյքային մեծ բանակ, որը սոցցանցերում լայքերով եւ մեկնաբանություններով տպավորություն են ստեղծում, որ Նիկոլ Փաշինյանն ունի մեծ աջակցություն։ Նիկոլ Փաշինյանն ունի զրո աջակցություն»։

Ըստ Արթուր Վանեցյանի՝ Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հանրահավաքին մասնակցած մարդիկ երկու խմբի են բաժանվում՝ մարդիկ, որոնք հավատում են Փաշինյանին, եւ մարդիկ, որոնք իրենց պաշտոնները պահպանելու համար են մասնակցել հանրահավաքին։

«Նիկոլ Փաշինյանին հավատացողներին ես որեւէ կերպ չեմ մեղադրում, ես նրանց համարում եմ մեր եղբայրները եւ քույրերը, նրանք ունեն իրավունք նման կարծիք ունենալու։ Դա շատ արագ կփոխվի։ Իսկ մարդիկ, որոնք գնացել են հանրահավաքին ստիպողաբար կամ իրենց պաշտոնները պահպանելու համար, պետք է հասկանան,որ մաս են կազմում այս իշխանության դավաճանակն պլանին։ Այդ մարդիկ իրենք իրենց մեջ պետք է հասկանան, որ դեմ են գնում Հայաստանին եւ հայ ժողովրդին»,- ավելացրեց Արթուր Վանեցյանը։

Վանեցյանը շեշտեց, որ որեւէ մեկը չի կարող գնալ Գլխավոր շտաբ եւ ձերբակալել Օնիկ Գասպարյանին եւ մյուս զինվորականներին. «Ես բացառում եմ երկու պատճառով՝ նախ դա հնարավոր է չէ ֆիզիկապես անել, երկրորդ՝ մեր իրավապահ համակարգում 95 եւ ավել տոկոսը հայրենասեր եւ հայրենիքը սիրող, պետական մտածելակերպ ունեցող սպաներ են։ Իրենք իրենց ամբողջ կյանքը նվիրել են մեր երկրի անվտանգության ապահովմանը։ Այո, ուսադիր կրող անձինք պարտավոր են կատարել հրամանները, բայց սովորական պայմաններում։ Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 27-ից աննորմալ իրավիճակ է եւ ավելի է խորանում օր օրի»։

Արթուր Վանեցյանը նշեց, որ թեեւ հարթակից իր շատ գործընկերները Ոստիկանությանը եւ ԱԱԾ-ին կոչ են անում դուրս գալ գործող իշխանությունների դեմ, ինքը նման բան չի անի․ «Երբեք չեք լսի, որ ես այդպիսի կոչ անեմ։Չպետք է դուրս գան, կարող են անել հայտարարություն, իրենց գործողություններով ցույց տալ, որ համաձայն չեն»

Անդրադառնալով երկրի ղեկավարին սպանելու փորձ կատարելու վերաբերյալ հարուցված քրեական գործին՝ Վանեցյանը նշեց, որ նոյեմբերի ամսից մինչեւ այսօր որեւէ քննչական գործողություն չի իրականացվել. «Իմ փաստաբանները հայտարարեցին, որ այն տեսանյութը, որը հրապարակվել է՝ իբր ես նախապատրաստում էի Փաշինյանի սպանությունը, ես պարոն Բաղդասարյանին մինչեւ այդ գործը չեմ ճանաչել։ Ես նրան ճանաչել եմ, երբ դուրս եկա դատարանից, վերադառնում էի տուն, ճանապարհին տեսա երթ է դեպի Դատախազություն, մոտեցա երթին, պարոն Բաղդասարյանին մոտեցա, ասացի՝ բարեւ ձեզ, մենք մի գործով դատվում ենք իրար հետ։ Այդ օրն ենք ծանոթացել։ Այդ գործով բացի Աշոտ Մինասյանից՝ Աշոտ Երկաթից, որեւէ մեկի չեմ ճանաչել։ Այդ ո՞նց կարող էի նման գործ կազմակերպել»։

Արթուր Վանեցյանի խոսքով՝ իրեն փորձել են տարբեր մեղադրանքներ առաջադրել՝ տարբեր հոդվածներով, դրանցից բոլորը կարճվել են մնացել են երկուսը։

«Մնացել է այդ չարաբաստիկ սպանության գործը, մյուսը՝ երբ նոյեմբերի 10-ին հրավիրեցինք հանրահավաք, այդ գործը։ 1․5 տարի ինձ մեղադրել են բոլոր եղած եւ չեղած մեղքերի մեջ։ Եթե ես ինչ-որ հանցանք՝ անգամ զանցանք գործած լինեի, պատասխանատվության կենթարկվեի։ Եթե ունենային գոնե մի տեղատվություն, որ ես իմ աշխատանքի ընթացքում ապօրինություններով եմ արել, թալանով եմ զբաղվել, դա կհրապարակեին։ Ես չեմ արել մի բան, որի համար ինձ օրինական ճանապարհով հնաարվոր է քրեական պատասխանատվության ենթարկել»,- ավելացրեց Վանեցյանը։