գլխավոր Գլխավոր Ծառայությունս բանակում շարունակում եմ, ճամփի կեսից հետ դառնալ չէի կարող. պատերազմի...

Ծառայությունս բանակում շարունակում եմ, ճամփի կեսից հետ դառնալ չէի կարող. պատերազմի ընթացքում զինվորների կամքն ավելի է ամրացել

 «Էդգարը (զինակից ընկերը) գոռաց փախի: Ես հետ փախա, ինքն` ինձնից աջ: Հաջորդ վայրկյանին մեր գլխին պայթեց սմերչի արկը: Վիրավորվեցի` ոտքս, ծունկս, մեջքս,  ու գետնին ընկա: Քայլել էլ հնարավոր չէր, մնացի տեղումս պառկած` էն մտքով, որ ինչ լինում ա՝ լինի: Մտածում էի` էս ա, վերջ»:

Դավիթը Ռուսաստանից եկել էր Հայաստան հենց ծառայության համար: Ռուսաստանում հասցրել է երեք տարի ապրել, այդ ընթացքում որոշել է բռնցքամարտով զբաղվել ու հասցրել է Վոլգոգրադի առաջնությունում առաջին տեղը գրավել: Պատմում է, որ պատրաստվում էր մասնակցել Ռուսաստանի առաջնությանը, բայց  համավարակի պատճառով բոլոր մրցումները վերջին պահին չեղյալ են համարվել:

«Ես դեռ վաղուց էի որոշել, մինչ Ռուսաստանում մշտական բնակություն հաստատելս էլ գիտեի, ծառայելու եմ բանակում: Երբ 18-ս լրացավ, Ռուսաստանում էի, կորոնավիրուսի պատճառով բոլոր թռիչքները չեղարկվել էին,  օդային ճանապարհները` փակվել: Ստիպված դիմեցինք ՊՆ նախարարություն, բացատրեցինք, որ ծառայության համար եմ ուզում հետ գալ Հայաստան: Ու, պատահական, մի թռիչքով գալս ստացվեց»,- պատմում է Դավիթը` ընկնելով այն ժամանակները, երբ պատերազմը չէր սկսվել:

Պատերազմը 18-ամյա Դավիթ Դավդյանի համար հեռու էր թվում, այն պարզապես չկար: Չկային նաև պատերազմի  սպիերն ու հուշերը, որ էլ երբեք չեն մոռացվի:

Մեզ հետ զրույցում ասում է, որ ծնողները սկզբում չեն համաձայնել, փորձել են համոզել, որ փոխի որոշումը: Բայց Դավիթի որոշումն անսասան էր, ինչպես իր կամքը:

«Թուղթը քաշեցի, ընկա Որոտան (Կուբաթլու): Տրամադրությունս ընկավ: Բոլորն էլ գիտեն` Որոտանում պոստեր չկան: Տարին երկու անգամ միայն տանում են Մեխակավան (Ջաբրայիլ) զորավարժությունների, իսկ ես ուզում էի Արցախի առաջնագծում ծառայել` ընկերներիս հետ, որ հենց էդտեղ էլ ընկել էին»,- հիշում է Դավիթը իր առաջին հիասթափությունը բանակում:

Ասում է` պատերազմի սկզբում իրենք հենց Մեխակավանում էին` զորավարժությունների համար: Նրա խոսքով` «ԱԹՍ-ներից իմացանք, որ պատերազմ է: Ավելի ճիշտ, սկզբում մտածեցինք, թե ադրբեջանական կողմն էլ է զորավարժություններ անցկացնում, բայց հետո երբ առաջին պայթյունը լսեցինք, գլխի ընկանք` պատերազմ է սկսվել»:

Մտքերը ցաքուցրիվ էին, ոչինչ չէր մտածում, թվում էր, թե կորցրել է մտածելու կարողությունը:

«Այդ պահին միայն հանգստություն էի զգում, որ այդտեղ եմ: Սիրտս հանգիստ էր՝ պատերազմի ժամանակ ես հենց այնտեղ եմ, ուր պետք է լինեմ: Սկզբում մենակ մի բան մտածեցի` ընկերներիս մասին: Հո՞ բան չի էղել նրանց, իրանք հենց առաջնագծում էին»,-  ասում է Դավիթը, ու հանգիստ շունչ քաշելով, ավելացնում, որ մանկության ընկերները ողջ առողջ են, մեկն էլ վիրավորումից հետո անցել է նորից ծառայության, ինչպեսև` ինքը:

Դավիթը վիրավորվել է հոկտեմբերի 5-ին: Ասում է մինչ վիրավորում ստանալը` ամեն ինչ փոխվեց հոկտեմբերի 3-ին, երբ իրենց հրամանատարը զոհվեց: Նահանջեցին, որ մի օր հանգիստ առնեն, իսկ 5-ին նորից անցնեն գործողությունների:

Լուսանկարն արվել է սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի առաջին օրը, առաջնագիծ ուղևորվելիս

«Մինչև հոկտեմբերի 1-ը պատերազմն էդքան էլ սարսափելի  չէր, հոկտեմբերի 1-ին տեսա առաջին մահը, ու հասկացա, որ կյանքի ու մահվան կռիվ ա առաջնագծում, որ բոլորիս ապրելու կամ չապրելու հավանականությունը 50/50 ա: Էդ պահին միայն գիտակցեցի պատերազմի ողջ սարսափը»,- պատում է նա` վերհիշելով այն մղձավանջն ու վախը, որ այդ օրերի անբաժան մասն էին:

Դավիթը վիրավորվել է ու ընկել: Չի կարողացել շարժվել` մտքում համակերպվելով այն վերջին, որից շատերն ամբողջ կյանքի ընթացքում փախչում են: Դավիթը մնացել էր դիմավորելու այն:

«Ընկերս ինձ փրկեց, էկավ օգնեց ինձ, ու միասին մի փոսը մտանք: Հաջորդ վայրկյանին, երբ արդեն քիչ թե շատ ապահով տեղում էի, տեսա, որ սմերչի արկը պայթեց հենց այնտեղ, որտեղ ես վիրավորվել էի»,- հիշում է նա` գիտակցելով, որ մահին է հաղթել այդ պատերազմում:

Պատմում է, որ Էդգարի գրպանում իր զինվորական գրքույկն էր: Էդգարը փախել էր աջ, ու Դավիթին թվացել էր, թե նա փրկվել է:

Դավիթն Էդգարի հետ, լուսանկարն արվել է Դավիթի վիրավորվելուց և Էդգարի զոհվելուց մեկ օր առաջ

«Ես տեղյակ չէի, որ Էդգարը զոհվել է հենց այդ պայթյունից փախչելու ընթացքում: Նրա գրպանից գրքույկս էին գտել ու ծնողներիս ասել, որ զոհվել եմ: Հոկտեմբերի 7-ին միայն մերոնք իմացել էին, որ ողջ եմ: Ինձ զանգեցին, բայց չէին ասում, որ Էդգարը զոհվել է, հետո իմացա»,- կորստի ցավն իր մեջ խեղդելով` հիշում է Դավիթը:

Մինչև հիմա էլ Դավիթի ոտքերի մեջ մնացել են բեկորների մի քանի մաս: Ասում է ` մի թեթև նեղություն է տալիս, ցավում է, բայց այդ ցավը հաղթահարելի է: Ուշադրություն չի դարձնում, բայց վստահ է, որ սպորտի հետ կապված իր ծրագրերն իրականություն դարձնելու համար պետք է ծառայությունից հետո նորից բժշկի դիմի:

«Ես հիմա շարունակում եմ ծառայությունս հայրենիքիս: Մաման համոզում էր, որ էլ չշարունակեմ, ասում էր` բա որ նոր պատերազմ սկսի (ժպտում է), ես իմը պնդեցի: Չէի կարող կիսատ թողնել, ճամփի կեսից հետ դառնալ: Բուժում ստանալուց հետո անցա ծառայությանս, նույն ոգով ու մարտունակությամբ էլ շարունակում եմ այն»,- ասում է Դավիթը` նշելով, որ վիրավորումից հետո հնարավորություն է ունեցել ազատվել ծառայությունից,  բայց պատերազմի ընթացքում նրա կամքն ավելի է ամրացել:

Պատերազմից հետո շատ բան է փոխվել: Փոխվել է աշխարհը, փոխվել է Դավիթը, կյանքն այլևս նախկինը չի լինի:

«Պատերազմից հետո այլևս հեռանկարային որևէ պլան չեմ կազմում, հասկանում եմ, որ մեկ վայրկյանում կարող է ամեն ինչ փոխվել: Ապրում եմ տվյալ օրով` առանց մտածելու` հետո ինչ կլինի: Հետոն ոչ մեկ չգիտի»,- ծիծաղում է Դավիթն ու լռում` մտքում գուցե փնտրելով այն հետոն, որ պետք է գա:

Հետոն դեռ պարզ չէ, այն դեռ թաթախված է անորոշության շղարշով, բայց այսօր հենց այս պահին Դավիթը հաստատ գիտի` շարունակելու է ծառայությունը, իր պարտքն է տալու, իսկ հետոն կպարզանա ամեն օրվա հետ բացվելիս:

Սառա Հարությունյան