գլխավոր Քաղաքականություն Նախագահը կարող էր հետպատերազմյան Հայաստանում լուրջ դերակատարություն ստանձնել․ Կոլերով․ «168 Ժամ»

Նախագահը կարող էր հետպատերազմյան Հայաստանում լուրջ դերակատարություն ստանձնել․ Կոլերով․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «Մեզ հետ զրույցում ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, ռուսական «Ռեգնում» գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը նշեց, որ գլխավոր շտաբի նման կտրուկ որոշման պատճառը ոչ միայն Փաշինյանի հայտարարություններն էին ռուսական «Իսկանդեր» հրթիռային համակարգերի անարդյունավետության վերաբերյալ, որով վերջինս ստվեր գցեց ՀՀ ԶՈՒ-ի վրա, այլև այն, որ իշխանության հռչակած  բանակային բարեփոխումները լինելու էին բանակի դեմ: Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակը բարդ է:

Մոդեստ Կոլերովն ասաց, որ փակուղուց ելքեր չի տեսնում: Ըստ նրա՝ իրավիճակի ողբերգությունն այն է, որ Փաշինյանը դեռ ունի աջակիցներ ու ռեյտինգ: Կոլերովի որակմամբ՝ իշխանությունը կոնֆլիկտային է, ոչ ադեկվատ, պարտվել է, իսկ նրան փոխարինող այս պահին չկա: Մոդեստ Կոլերովն այն կարծիքին է, որ ՀՀ նախագահը փորձում է նստել երկու աթոռի վրա, այնինչ նա կարող էր ներքաղաքական գործընթացներում  և հատկապես հետպատերազմյան անկայուն Հայաստանում լուրջ դերակատարություն ստանձնել:

«Լինելով պետական դեմք և ունենալով որոշակի հեղինակություն՝ նա կարող էր պրոցեսներ գեներացնել և կայունացնել իրավիճակը: Սակայն նա՝ ինչպես պահանջեց Փաշինյանի հրաժարականը, այնպես էլ՝ շարունակեց ստորագրել նրա հրամանագրերը:

Ներկայումս սպասենք՝ տեսնենք՝ ստորագրո՞ւմ  է արդյոք Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկությունը, թե՞ ոչ»,- նշեց Կոլերովը:

Ամփոփելով իր խոսքը՝ նա ցավով անդրադարձավ շախմատի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի ֆեյսբուքյան գրառմանը՝ իշխանության մասին ասելով, որ տաղանդ է պետք ունենալ բոլոր ոլորտներում նման տապալումներ թույլ տալու համար: «Արժանին է պետք մատուցել Սերժ Սարգսյանին, ով այդ ոլորտում ներդրում է ունեցել: Հիմա Արոնյանի ցավալի որոշումը կարող է մեծ հիասթափության և արտագաղթի հանգեցնել»,- ասաց Կոլերովը»: