գլխավոր Աշխարհ Թեհրանը Սիրիայի տարածքում ԱՄՆ-ի ավիահարվածը համարում է ագրեսիա և միջազգային իրավունքի խախտում

Թեհրանը Սիրիայի տարածքում ԱՄՆ-ի ավիահարվածը համարում է ագրեսիա և միջազգային իրավունքի խախտում

Թեհրանը Սիրիայի տարածքում ԱՄՆ-ի ավիահարվածը համարում է ագրեսիա և միջազգային իրավունքի խախտում, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Ղաթիբզադեն, գրում է ria.ru-ն։

«Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը վճռականորեն դատապարտել է Սիրիայի արևելյան հատվածում ամերիկյան ուժերի անօրինական և ագրեսիվ հարձակումը, որը միջազգային իրավունքի խախտում է»,- ասված Է գերատեսչության հայտարարության մեջ:

Ղաթիբզադեն նաև ընդգծել է, որ «ամերիկյան ռազմակայաններն անօրինական կերպով գտնվում են Սիրիայի տարածքում և զբաղվում են ահաբեկիչների պատրաստմամբ»:

Դիվանագետի խոսքով՝ ԱՄՆ-ի հարվածը Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում է և կհանգեցնի բախումների աճին և տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Պետնագոնում հայտարարել էին, որ ավիահարվածի հետևանքով ոչնչացվել են Իրանի կողմից աջակցվող խմբավորումներին պատկանող մի շարք ենթակառուցվածքային օբյեկտներ: Այս քայլը, ինչպես նշել է Պենտագոնը, պատասխան է Իրաքում վերջերս ԱՄՆ-ի և միջազգայն կոալիցիոն ուժերի վրա հարձակմանը:

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն այս առնչությամբ շեշտել էր, որ ԱՄՆ զինված ուժերը ապավինում են իրաքյան կողմի հետախուզական տեղեկատվությանը և վստահ են հարվածի ճշգրտության հարցում: