գլխավոր Միջազգային Զախարովան նշել է Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության առաջնային խնդիրը

Զախարովան նշել է Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության առաջնային խնդիրը

Արցախում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության առաջնային խնդիրը տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովումն ու բնականոն կյանքի վերականգնումն է:

Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե իբր խաղաղապահները թույլ չեն տալիս որոշ լրագրողների, զբոսաշրջիկների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մուտքը Արցախ, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

«Մենք պարզապես պետք է ինքներս մեզ մի հարց տանք. ի՞նչ ենք ցանկանում այս փուլում՝ զարգացնել զբոսաշրջությունն Արցախո՞ւմ, թե՞ փախստականների վերադարձը և նորմալ կյանքի վերականգնումը: Եվ նորմալ կյանքի հաստատման վերաբերյալ խնդիրները շատ են: Ռուս խաղաղապահները զբաղված են հենց սրանով»,-ասել է նա:

Զախարովան նշել է, որ մուտք գործելու յուրաքանչյուր դեպք խաղաղապահներն ուսումնասիրում են հակամարտության բոլոր կողմերի հետ:

«Իհարկե, մենք բոլորս կողմնակից ենք, որ լրագրողները կարողանան աշխատել աշխարհի բոլոր մասերում, և զբոսաշրջիկները ճանապարհորդեն, սակայն կան իրողություններ, և կա մի իրական խնդիր, որի լուծման վրա պետք է կենտրոնանանք բոլորս», – ամփոփել է նա: