գլխավոր Աշխարհ Զոհեր չկան. Իրաքը` Սիրիայում ամերիկյան ավիահարվածի հետևանքների մասին

Զոհեր չկան. Իրաքը` Սիրիայում ամերիկյան ավիահարվածի հետևանքների մասին

Սիրիայի և Իրաքի սահմանին տեղի ունեցած ամերիկյան ավիահարվածի հետևանքով զոհեր չկան, հարված է հասցվել պահեստին:

Այս մասին «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանն ասել է Իրաքի խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի անդամ Քաթա ալ-Ռաքաբին:

«Մենք մեր տարակուսանքն ենք հայտնում ամերիկյան հարվածների կապակցությամբ: «Ալ-Հաշդ ալ-Շաաբի» խմբավորման ուժերի վրա հարձակումները նոր չեն», – ասել է ալ-Ռաքաբին և հավելել․ «Ամերիկյան զորքերն ամեն անգամ, երբ որոշ կողմեր գործողություններ են ձեռնարկում դեսպանատան դեմՙ նույն բանն են փորձում անել»։

«Հարվածը հասցվել է դատարկ տարածքի, թիրախը դարձել է պահեստը: Նրանք ենթադրում էին, որ այնտեղ «Ալ-Հաշդ ալ-Շաաբի» ուժեր կան: Փառք Աստծո, զոհեր չկան», – ասել է խորհրդարանականը: Նա դատապարտել է ավիահարվածը և շեշտել, որ խմբավորումը կանոնավոր իրաքյան ուժ է, որը վերահսկվում է Իրաքի կառավարության կողմից․ «Իրաքի անվտանգության ծառայությունները և «Ալ-Հաշդ ալ-Շաաբին» չպետք է տարանջատվեն»:

Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել էր, որ Սիրիայում տեղի ունեցած ավիահարվածի հետևանքով ոչնչացվել են Իրանի կողմից աջակցություն ստացող շիա խմբավորմանը պատկանող մի շարք ենթակառուցվածքային կառույցներ: Այս քայլը, ըստ Պենտագոնի, Իրաքում վերջերս ԱՄՆ-ի և կոալիցիայի ուժերի վրա տեղի ունեցած հարձակման պատասխանն է:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Washington Post-ը, քաջատեղյակ աղբյուրի խոսքով՝ հիմքեր կան ենթադրելու, որ հարվածը մի քանի մարդկանց զոհվելու պատճառ է դարձել: