գլխավոր Գլխավոր ՌԴ նախագահը խոսում էր խնդրի՝ օրինական ճանապարհով լուծման մասին. Պեսկով

ՌԴ նախագահը խոսում էր խնդրի՝ օրինական ճանապարհով լուծման մասին. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երեկ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ կողմ է արտահայտվել այդ երկրում իրավիճակի կարգավորմանը օրենքի շրջանակներում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Եթե դուք ուշադիր նայել եք այն տեքստը, որ մենք ենք հրապարակել, դուք հավանաբար հնարավորություն եք ունեցել կարդալ այն հատվածը, որտեղ Ռուսաստանի նախագահն արտահայտվել է օրենքի շրջանակում խնդրի կարգավորման օգտին։ Դա շատ կարևոր է։ Մեր կողմից բավական լիարժեք ձևակերպում է տրված, որը բավականաչափ տեղեկատվական է»,- ասել է Պեսկովը պատասխանելով հարցին, թե ինչու են տարբերվում հայկական ու ռուսական կողմերի ձևակերպումները Պուտին-Փաշինյան երեկվա հեռախոսազրույցի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: 

«Նախագահ Պուտինն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի օրինական իշխանություններին և հույս հայտնել իրավիճակի շուտափույթ կարգավորման կապակցությամբ»,- նշված է վարչապետի պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության մեջ:

Նշենք, որ պաշտոնական Մոսկվայի տարածած հաղորդագրության մեջ բացակայում է Հայաստանի իշխանություններին հայտնված աջակցության վերաբերյալ նախադասությունը։