գլխավոր Իրադարձային Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է գլխավոր շտաբի հայտարարությունը

Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է գլխավոր շտաբի հայտարարությունը

ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է զինված ուժերի գլխավոր շտաբի երեկ արած հայտարարությունը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին դատախազությունից։  

Նշենք, որ ԳՇ–ն երեկ պահանջել էր ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանը դա որակել էր ռազմական հեղաշրջման փորձ։

«Քրեական վարույթ դրա կապակցությամբ դեռևս չկա, այդ հայտարարությունն ուսումնասիրվում է, դրա և դրա շուրջ զարգացումների հնարավոր ռիսկերը մեր ակնդետ ուշադրության ներքո են»,–հայտնեցին դատախազությունից։

Դատախազությունից հավելեցին նաև, որ քրեական օրենսգրքով նախատեսված ցանկացած հանցկազմի հատկանիշ պարունակող կոնկրետ դրսևորումների տարրեր ի հայտ բերելու պարագայում պարտադիր հետևելու է քրեաիրավական արձագանքը:

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։