գլխավոր Իրադարձային Եթե ԶՈՒ-ն տրամադրի ապացույցներ, Գլխավոր դատախազը պարտավոր է քրգործ հարուցել դավաճանի նկատմամբ....

Եթե ԶՈՒ-ն տրամադրի ապացույցներ, Գլխավոր դատախազը պարտավոր է քրգործ հարուցել դավաճանի նկատմամբ. Արփինե Հովհաննիսյան

«Եթե ԶՈՒ-ն տրամադրի ապացույցներ, Գլխավոր դատախազը պարտավոր է քրգործ հարուցել դավաճանի նկատմամբ: ԳՇ-ի հայտարարության մեջ որպես այդպիսին ապացուցողական բազա չկա»։ Այս մասին այսօր Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։

«Այսինքն՝ դա հայտարարություն է, որի ներքո արդեն կարելի է տեսնել Զինված ուժերի շտաբի եւ հրամկազմի պատրաստակամությունը՝ տրամադրել այդ ապացույցները։ Այդ դեպքում այո, Գլխավոր դատախազը պարտավոր է օրենքով սահմանված միջոցառումներ ձեռնարկել և քրեական գործ հարուցել Հայաստանի պատմության տիեզերական մասշտաբի դավաճանի նկատմամբ»,- նշեց նա։

Հարցին՝ արդյոք ԳՇ-ի հայտարարությունը առիթ չէ՞, որ Գլխավոր դատախազը կապ հաստատի Օնիկ Գասպարյանի հետ, Հովհաննիսյանն ասաց. «Կապ հաստատելու համար միանշանակ առիթ է, նա պետք է այդ գործողությունը կատարի։ Եթե ես հիմնվեմ նրա 3 տարիների վարքագծի վրա, ապա կապ չի հաստատի։ Եթե ես հիմնվեմ մնացորդային հիշողության, արժանապատվության և երկրի ճակատագրով մտահոգ լինելու վրա, ապա պարտավոր է, պետք է անի դա և հույս ունեմ, որ կանի դա»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն խոսքին, թե ինքը թույլ չի տա բանակը դուրս գա ժողովրդի դեմ, Հովհաննիսյանն արձագանքեց. «Նիկոլ Փաշինյանը միշտ խոսում է, միշտ սպառնում է, միշտ ստում է ու միշտ մանիպուլյացնում է։ Հաճախ ասում է բաներ, որոնք ինքը չի կարող անել, այլեւ իրավունք չունի անել։ Նա թույլ տալու կամ թույլ չտալու պոտենցիալ չունի։ Ես ասացի, որ առանց բանակի վարչապետն անգլուխ ձիավոր է։ Որպես իրավաբան եմ ասում, որ այդ հայտարարության մեջ զինված հեղաշրջման անգամ նշույլ չկար։ Հետևաբար վարչապետը շատ զգույշ պետք է լինի իր հայտարարություններում, քանզի կարող է ստացվել, որ օրենքից դուրս հայտնվեն ոչ թե Զինված ուժերը, այլ հենց ինքը»։

Հարցին՝ ի՞նչ տեղի կունենա, եթե Հանրապետության նախագահը չստորագրի Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված Օնիկ Գասպարյանի հրաժարականի միջնորդությունը, Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ կա հանգուցալուծման երկու ուղի.

«Եթե Արմեն Սարգսյանը եռօրյա ժամկետում չի ստորագրում և ոչ մի գործողություն չի անում, ապա Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով կհամարվի ազատված։ Ըստ Սահմանադրության կա երկրորդ տարբերակը, որ եթե նախագահն իր  դիտարկումներով վերադարձնի առաջարկությունը տվող անձին՝ վարչապետին, և նշի իր դիտարկումները, իսկ այնտեղ հակասահմանադրականության հստակ դրսևորումներ կան, վարչապետն էլ այն կարող է հետ ուղարկել, այդ դեպքում նախագահն ունի 2 տարբերակ՝ կամ ստորագրում է կամ ուղարկում ՍԴ։ Քանի որ ես վստահաբար ասում եմ, որ դա Սահմանադրությանը հակասող որոշում է, ապա Արմեն Սարգսյանը պիտի հետ ուղարկի այդ միջնորդությունը, հետ գալու դեպքում ուղարկի Սահմանադրական դատարան»։