գլխավոր Իրադարձային Փաշինյանի աջակիցների մեծամասնությունը քաղաքացիական հագուստով ոստիկաններ էին. Վազգեն Մանուկյան

Փաշինյանի աջակիցների մեծամասնությունը քաղաքացիական հագուստով ոստիկաններ էին. Վազգեն Մանուկյան

«Նիկոլ Փաշինյանը ցանկացած մարդու կարող է դուրս հանել համբերությունից: Հիմա նա ուզում է անօրինական ձևով պաշտոնանկ անել Օնիկ Գասպարյանին, որը հակասում է Սահմանադրությանը և օրենքներին»: Այս մասին այսօր օլրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդ Վազգեն Մանուկյանը:

« Հայաստանում իրավիճակը սրողը Նիկոլ Փաշինյանն է: Իմ առաջարկած պլան Ա-ն հիանալի աշխատում է, որովհետև որևէ պետական կառույց չկա, որ չպահանջի Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Նա կորցնում է իր հենարանները, իսկ դա նշանակում է, որ որևէ պլան Բ-ի կարիք չի լինի»,- նշել է Վազգեն Մանուկյանը:

Նրա խոսքով իշխանությունը միայնակ է մնացել: Երկրի նախագահը Փաշինյանի հետ չէ, Եկեղեցին, բանակը` նույնպես, իսկ վարչապետի աջակիցների վերաբերյալ Մանուկյանը նշեց, որ երեկ Հանրապետության հրապարակում հավաքվածների մեջ մեծ թվով ոստիկաններ կային, որոնք քաղաքացիական հագուստով էին:

«Փաշինյանի աջակիցների հավաքին հավաքվել էին ենթակա մարդիկ, որ ինչ ասում են, անում են: Նրանք, ըստ էության, անտարբեր մարդիկ են, որ ոչ այն կողմում են, ոչ էլ` այս: Նրանք իրենց գլուխը պահելու համար պատրաստ են անել, ինչ իրենց հրահանգում են: Բայց պետք է ընդգծենք նաև այն, որ ցանկացած երկրում, որտեղ իշխանություն է փոխվում, երբեք 100 տոկոսը դեմ չի լինում իշխանությանը»,- ասել է Վազգեն Մանուկյանը:

Մանուկյանի համոզմամբ` Հայաստանում 80 տոկոսը դեմ է ներկայիս իշխանությանը, նրանք էլ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, իսկ մնացած 20 տոկոսի մեջ կարելի է անտարբեր մարդկանց հավաքել:

Այն հարցին, թե ընդդիմությունը պատրաստ է երկխոսության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, Վազգեն մանուկյանը պատասխանեց` ոչ: Նրա խոսքով` ոչ մի երկխոսություն չի կարող լինել, իրենք պահանջում են Փաշինյանի հրաժարականը: