գլխավոր Իրադարձային Եթե որևէ ադրբեջանցի փորձի մտնել գյուղ, ինձ կտեսնեք ձերբակալված՝ մարդասպանության համար, կամ...

Եթե որևէ ադրբեջանցի փորձի մտնել գյուղ, ինձ կտեսնեք ձերբակալված՝ մարդասպանության համար, կամ սպանված. Աղավնոյի համայնքապետ

«Tert.am» կայքը գրում է.

«Որևէ ադրբեջանցի երբեք չի մտնի այս գյուղ, մենք աշխատում ենք բնականոն հունով, և Աղավնո են վերադառնում գյուղի բնակիչները: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքի ղեկավար, հայրենադարձ, ՀՅԴ անդամ Անդրանիկ Չավուշյանը՝ անդրադառնալով գյուղի կարգավիճակին, հետագա անելիքներին և հետպատերազմյան իրավիճակին:

 -Պատերազմի ընթացքում կամ պատերազմից հետո ադրբեջանցիներ այցելե՞լ են գյուղ:

-Ոչ, չեն կարող և երբեք չի լինի այդպիսի բան, եթե որևէ մեկը համարձակվի մտնել գյուղ, ապա ես նրա գլուխը քարով կջարդեմ: Ես ագրեսիվ չեմ տրամադրված, իմ պարտքն է պաշտպանել գյուղը: Չեն եղել դեպքեր և եթե անգամ լինեն, ինձ լուրերով կտեսնեք, որ մարդասպանության համար կա՛մ ձերբակալվել եմ, կա՛մ էլ ինձ սպանել են, այլ տարբերակներ չկան, մենք խաղաղասեր մարդիկ ենք, բայց երբ իրավիճակը այսպիսին է, այլ տարբերակներ չկան:

-Հետպատերազմյան ժամանակաշրջանում քանի՞ բնակիչ է վերադարձել գյուղ:

– Այս պահին մենք ունենք մոտ 90 բնակիչ, մյուս բնակիչները ևս ասում են՝ գալու են հետ գյուղ: Եթե բնակիչներից ոմանք անգամ հետ չգան, միշտ էլ հող մշակողին, գործ անողին տուն պետք է, որն ունենք և պատրաստ ենք տրամադրել, մարդիկ գնահատում են իրենց հայրենիքը, և ես՝ որպես համայնքապետ, քիչ թե շատ վստահ եմ՝ վերադառնալու են: Մարդիկ հետ են գալու, իսկ ես՝ որպես համայնքապետ, ասում եմ, որ հայրենիքը հյուրանոց չէ, որ լավ պայմաններում մերն է, վատ պայմաններում թողնենք հայրենիքն ու գնանք:

-Ի՞նչ աշխատանքներ են տարվում գյուղում, ինչպիսի՞ կարգավիճակ է հիմա Աղավնոյում: Գործու՞մ է արդյոք դպրոցը, հիվանդանոցը:

 -Հիմա մենք աշխատում ենք մեր առօրյայով, աշխատում ենք բավականին կառուցողական, ունենք շատ հետագա ծրագրեր, այս պահին փորձում ենք բուժկետային հատված ունենալ և հատկացրել ենք երկու սենյակ, բայց հիվանդանոց չկա: Հիմա նաև նորմալ հունով գործում է դպրոցը, ունենք նոր 0 դասարանի համար ծրագիր, մանկապարտեզի կարգավիճակ ունի այդ դասարանը, նաև այդ ամենին կից վերանորոգվում է խաղահրապարակը, որպեսզի բարվոք պայմաններ լինեն դպրոցահասակ երեխաների համար:

-Իսկ անհրաժեշտության դեպքում որտե՞ղ են դիմում գյուղացիները, եթե հիվանդանոց չկա:

-Մենք գյուղի առողջ մարդիկ ենք և հիվանդանոցի կարիք չունենք, չենք հիվանդանում (ծիծաղում է), բայց անհրաժեշտության դեպքում բնակիչները գնում են Գորիս կամ Ստեփանակերտ:

– Դեկտեմբերի դրությամբ գյուղում հղի կին կար, այս պահի դրությամբ քանի՞ երեխա է լույս աշխարհ եկել:

-2 երեխա է ծնվել, ճիշտ է՝ ոչ գյուղում, բայց նրանք Աղավնոյից են, գյուղի երեխաներ են, հավանաբար Եղեգնաձորում են ծնվել կամ Երևանում, բայց միևնույն է՝ երեխաները Աղավնոյից են:

-Ի՞նչ են ասում Արցախի կամ Հայաստանի կառավարությունները գյուղի կարգավիճակի մասին:

-Ինչ պետք է ասեն, ոչինչ էլ չեն ասում, ոչ մի արձագանք էլ չկա: Ես էլ առանձնապես չեմ ուզում խոսել այդ մարդկանց հետ, ես ինքս գիտեմ, որ մենք մնում ենք և դրանից ավել որևէ բան չեմ ուզում լսել, եթե ինձ ասեն՝ վեր կաց և գնա, նրանք երբեք դա չեն տեսնի, այս գյուղը իմ պատասխանատվության տակ է, ես չեմ թողնի այն, չեմ սպասի, որ որևէ մարմին ինձ զանգի և ասի՝ լքիր գյուղը»: