գլխավոր Իրադարձային Արցախի նախագահը Օնիկ Գասպարյանի հետ չի քննարկել վերջինիս հրաժարականի հարցը

Արցախի նախագահը Օնիկ Գասպարյանի հետ չի քննարկել վերջինիս հրաժարականի հարցը

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը «Արցախպրեսի» հետ զրույցում նշել է, Արայիկ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել և՛ Նիկոլ Փաշինյանի, և՛ Օնիկ Գասպարյանի հետ:

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումների մասին այն տեղեկատվությունը, թե իբր նա ՀՀ Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանից «պահանջում» է հրաժարական տալ, իրականությանն ընդհանրապես չի համապատասխանում։

«Նախօրոք հայտարարած՝ միջնորդության պատրաստակամությանը համապատասխան՝ նախագահ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել և՛ Նիկոլ Փաշինյանի, և՛ Օնիկ Գասպարյանի հետ, նրանց հետ քննարկել է առկա իրավիճակի հաղթահարման հետ կապված որոշ հարցեր՝ հիմք ընդունելով Հայաստանի ու Արցախի ներքին կայունության ու արտաքին անվտանգության առաջնահերթությունները:

Օնիկ Գասպարյանի հետ հանդիպման ժամանակ ընդհանրապես չի քննարկվել հրաժարականի հարցը, և որևէ ճնշման մասին խոսք չի կարող լինել:Ինչ վերաբերում է տվյալ հանդիպման ձևաչափին, ապա դրան մասնակցել է ոչ միայն ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, այլ նաև ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը և մեկ այլ պաշտոնատար անձ:

Հանրապետության նախագահը, ինչպես և հայտարարել էր, շարունակում է չեզոքություն պահպանել ՀՀ ներքաղաքական զարգացումների նկատմամբ, և նրա միջնորդական ջանքերն ուղղված են ճգնաժամի հաղթահարմանը՝ սահմանադրական, խաղաղ ու քաղաքակիրթ եղանակներով: Հատկապես ընթացիկ պայմաններում ապակայունությունը, արյունահեղությունն ու ատելությունը Հայրենիքը տանելու են պարզապես կործանման ճանապարհով»: