գլխավոր Աշխարհ Վրաստանի դատախազությունը պատրաստ է դատարան դիմել ընդդիմադիր կուսակցության նախագահին ազատ արձակելու...

Վրաստանի դատախազությունը պատրաստ է դատարան դիմել ընդդիմադիր կուսակցության նախագահին ազատ արձակելու միջնորդությամբ

Վրաստանի դատախազությունը պատրաստ է դատարան դիմել «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության նախագահ Նիկա Մելիային ազատ արձակելու միջնորդությամբ, եթե վերջինս վճարի սահմանված գրավը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է դատախազ Ամիրան Գուլուաշվիլին:

«2020 թվականի նոյեմբերի 3-ին սահմանված գրավի պայմանների կատարման դեպքում դատախազությունը պատրաստակամություն է հայտնում դիմելու Թբիլիսիի քաղաքային դատարան՝ Նիկա Մելիայի դեմ կիրառված կալանքը գրավով փոխարինելու համար»,- ասել է վերջինս:

Այսօր ավելի վաղ Թբիլիսիի վերաքննիչ դատարանը հրաժարվել էր վարույթ ընդունել Մելիայի փաստաբանների դիմումը:

Ընդդիմադիր Նիկա Մելիային մեղադրանք է առաջադրվել 2019 թվականի հունիսի 20-ին մայրաքաղաքում տեղի ունեցած անկարգությունների մասին գործով: Վերջինիս կրկին ձերբակալել են փետրվարի 18-ին, երբ նա հրաժարվել է վճարել 40 000 լարիի չափով գրավը: Նրա ձերբակալությունից հետո երկրում ակտիվացել են բողոքի ցույցերն ու ընդդիմության հանրահավաքները: