գլխավոր Իրադարձային Հուսով եմ՝ կկարողանանք առանց բախումների կանգնել արդարության կողմում. Անժելա Էլիբեգովա

Հուսով եմ՝ կկարողանանք առանց բախումների կանգնել արդարության կողմում. Անժելա Էլիբեգովա

Հույս ունեմ, որ ողջամտությունը կհաղթի և այս ճգնաժամային իրավիճակից բոլորը քիչ թե շատ պատվով  դուրս կգան: Հուսով եմ՝ կկարողանանք առանց բախումների, առանց սադրանքներին տրվելու կանգնել արդարության կողմում: Այս մասին այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի և բանակին աջակցելու ակցիայի ժամանակ Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:

«Եթե Թուրքիայի արտգործնախարարությունը աջակցում է և ամբողջ ռեսուրսով կանգնում են սատարելու ներկա իշխանություններին, որպեսզի հանկարծ իշխանափոխություն չլինի և իրենք շարունակեն Ադրբեջանի և Թուրքիայի բոլոր պահանջները կատարել, ապա կարծում եմ՝ բոլորի համար պարզ է տեղի ունեցողը»,-ասաց նա:

Ըստ նրա՝ ԳՇ-ի հայտարարությունը շատ ուշացած էր և առողջ քաղաքական իրավիճակ ունենալու դեպքում Նիկոլ Փաշինյանն արդեն նոյեմբերի 10-ին հրաժարական կտար: «Բայց ամիսներ շարունակ նրանք կառչած են իրենց աթոռներից, մոլագարությամբ տենչալով այն իշխանությունը, որն այլևս գոյություն չունի և այսօր Նիկոլ Փաշինյանի հավաքած ցույցից արդեն պարզ է, որ նա այլևս այս երկրում իշխանություն չունի»:

Ադրբեջանագետը նշեց, որ դեռ հույս ունի, որ իրավապահ մարմինները այնքան խելամիտ կլինեն, որպեսզի ճիշտ որոշում կայացնեն և հասկանան երկրի տրամադրությունն ու ավելի չսրեն: Նա շեշտեց՝ որպես քաղաքացի իր համար  ցավոտ է այն, որ այսօր Նիկոլ Փաշինյանը շրջում էր ուժային կառույցների ուղղեկցությամբ: «Մենք այստեղ լավ կյանքից չենք հավաքվել, ես այսօր այստեղ քմահաճույքիս համար չեմ կանգնել, կանգել եմ իմ պետականության համար, ես կագնած եմ, որ շանս ունենանք ինչ-որ բան փրկելու: Հույս ունեմ, որ հայ ազգն այնքան խոհեմ է, որ չի գնա բախման: Եթե իշխանությունն արդեն պատրաստ է կրակել ժողովրդի վրա, ապա էլ ի՞նչ իշխանություն, եթե սա իրենց իշխանությունը պահելու վերջին շանսն է, ուրեմն ես այստեղ եմ»:

Հիշեցնենք, որ Զինված ուժերը վարչապետի և Կառավարության հրաժարականի պահանջով հայտարարություն էին հրապարակել, որի տակ ստորագրել էին ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը, ԶՈՒ ԳՇ պետի՝ երեկ պաշտոնից ազատված առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը, ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը, գլխավոր շտաբի մյուս պաշտոնյաները, հինգ բանակային կորպուսների հրամանատարները և բարձրաստիճան այլ զինվորականներ: