գլխավոր Տեսանյութեր Որևիցե հեղաշրջում չկա, որովհետև ողջ ժողովրդի կամքն է․ Սեյրան Օհանյան

Որևիցե հեղաշրջում չկա, որովհետև ողջ ժողովրդի կամքն է․ Սեյրան Օհանյան

Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունների հետ պետք է հեռանա ոչ թե երկրից, այլ պետք է հեռանա կառավարման համակարգից։ Այս մասին այսօր Բաղրամյան փողոցում Tert.am–ի հետ զրույցում Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

«Իր կառավարումն է բերել, հասցրել մեր երկիրն այս վիճակի՝ պառակտել, բաժանել երկիրը սև ու սպիտակի՝ չհասկանալով, որ ի վերջո երկրի կառավարման մեջ միշտ հաջողություն են ունենում, երբ քաղաքական էլիտաները մեկը մյուսին փոխում են մեկը մյուսի դրականի վրա են հենվում՝ ցառելով այն թերությունները, որոնք  կան, դրանով կառուցելով երկրի ընդհանուր գործունեությունը։  Կարծում եմ, որ այս փոփոխություններն են բերում նրան, որ նույնիսկ նախկին ղեկավարությունը ձգտում է ժողովրդի մեջ բարձրացնել իր հեղինակությունը»,–ասաց նա և նշեց, որ ներկայիս իշխանությունները չեն տիրապետում պրոֆեսիոնալ կառավարման, ոչ էլ բարոյական հատկանիշներին։

«Ես կարծում եմ, որ բանակը ժողովրդի հետ է, այնտեղ, որտեղ բանակը  և ժողովուրդը միասնական են, պետք է տեսնել միայն այդտեղ հաջողություններ։ Որևիցե մի հեղաշրջում չկա, որովհետև ողջ ժողովրդի կամքն է, որ այս իշխանությունները փոխվեն»,–ասաց նա և նշեց, որ կան մարդիկ, ովքեր աջակցում են այսօրվա իշխանություններին, մոլորված են։

«Օնիկ Գասպարյանի գործունեությունը երբևիցե քրեական հետապնդման չի կարող ենթարկվել, ընդհակառակը նա և այն գեներալները, որոնք ստորագրել են այս իշխանությունների հեռացման, ցույց են տվել իրենց համարձակ կեցվածքը և չեն էլ վախենում իրենց պաշտոնների համար, ինչպես մենք էլ չենք վախեցել։ Իրենց աթոռներից հեռացվելու վախը միայն այս իշխանությունների մոտ կա։

Կրակող մարդը երբևիցե չի ասում, որ կկրակեմ, ես ավելի շատ խորհուրդ կտայի, որ  այդ կրակելու կոչ անողները երեք ամիս առաջ գային, Արցախում համախմբվեին և գնային, կրակեին։ Ազատության հրապարակում փոփոխություն ուզողներն են, իսկ Հանրապետության հրապարակում վարչական բոլոր ռեսուրսների օգտագործմամբ այս իշխանությունները Նիկոլի գլխավորությամբ հավաքում են ինչ–որ մի քանակության մեր հայրենակիցների, այդ նույն վարչական ռեսուրսի օգտագործմամբ ինքը չկարողացավ համախմբել, մոբիլիզացնել մեր ողջ ժողովրդի ներուժը արցախյան այս վերջին պատերազմի ընթացքում»,–ասաց նա։

Սեյրան Օհանյանն ասաց, որ միայն Երևանի փողոցներով քայլողներին, այդ թվում՝ որոշ գեներալների, զինվորականներին անվանում էինք «պարկետային գեներալներ», հիմա ինքը «պարկետային ղեկավար» է։ «Եղել են նաև մարդիկ, ովքեր այստեղ առյուծ են կտրել, բայց պատերազմի դաշտում շատ շատերին ես տեսել եմ ոչ առյուծ վիճակում»,–ասաց նա։

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք ուշացած չէ ԳՇ–ի հայտարարությունը, նախկին նախարարը պատասխանեց․«Ես կարծում եմ, որ մեր համերկրացիներից շատերը ասում են, որ եթե շուտ լիներ, եթե ավելի մեծ, համալրված բանակ ունենայինք․․․ ես չէի ուզի եթե–ներով եզրակացություն անել, ես կարծում եմ, որ եթե այս պահին իրենք որոշում են ընդունել, ճիշտ են գնահատել ռազմաքաղաքական իրադրությունը և այն սպառնալիքները, որոնք անընդհատ դոփում են մեր դռները արտաքինից։ Նիկոլ Փաշինյանը պարտավոր է հեռանալու»,–ասաց նա։