գլխավոր Իրադարձային Կարևորում ենք Իրաքի հետ հարաբերությունները. Էրբիլում ՀՀ հյուպատոսություն բացվեց

Կարևորում ենք Իրաքի հետ հարաբերությունները. Էրբիլում ՀՀ հյուպատոսություն բացվեց

Հայաստանը մշտապես մեծ կարևորություն է տվել Իրաքի հետ հարաբերությունների զարգացմանը, որի առհավատչյան Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատանքի մեկնարկն է: Նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանն այսօր` Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողության ժամանակ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

«Այսօր նշանակալից իրադարձություն է հայ-իրաքյան հարաբերությունների պատմության մեջ։ Հայերը պատմության տարբեր հանգրվաններում բնակություն են հաստատել այս երկրում, այդ թվում՝ Իրաքյան Քուրդիստանում, և արժանացել իշխանությունների բարյացկամ վերաբերմունքին։ Այսօր պատահական չէ, որ բազմահազարանոց հայ համայնքը շարունակում է ապրել այստեղ՝ իր նպաստը բերելով այն երկրի զարգացմանը, որի քաղաքացին է հանդիսանում» ,–ասել է փոխնախարարը։

Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանն էլ հայտնել է, որ վերջին ամիսների ընթացքում Իրաքյան Քուրդիստանի գործընկերների հետ ակտիվ շփումների շնորհիվ արդեն իսկ ձևավորված է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող օրակարգ:

Իրաքյան Քուրդիստանի կառավարության անունից ողջույնի խոսքով հանդես է եկել արտաքին հարաբերությունների դեպարտամենտի տնօրեն Սաֆին Դիզայեն: Նա բարձր է գնահատել Հայաստանի իշխանությունների՝ Էրբիլում գլխավոր հյուպատոսություն հիմնելու որոշումը և Իրաքյան Քուրդիստանի կառավարության անունից խոստացել լիակատար աջակցություն ցուցաբերել հյուպատոսության աշխատանքներին:

Հիշեցնենք, որ Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսության բացման որոշում էր կայացվել 2017-ի մարտի 13-ին` ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ստորագրած հրամանագրով։