գլխավոր Իրադարձային Չեմ բացառում, որ Ռուսաստանը ներքին գներով այլևս հրաժարվի մեզ զենք վաճառել. Արտակ...

Չեմ բացառում, որ Ռուսաստանը ներքին գներով այլևս հրաժարվի մեզ զենք վաճառել. Արտակ Զաքարյան

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն օրերս ծավալուն անդրադարձ էր կատարել Արցախյան վերջին պատերազմին ու այդ պատերազմում մեր կրած պարտության պատճառներին։

Նախագահ Սարգսյանը հարց էր ուղղել պատերազմը վարած իշխանությանը՝ հետաքրքրվելով, թե ինչո՞ւ «Իսկանդերը» չի կրակել պատերազմի 3-4-րդ օրը։

Թեև Սերժ Սարգսյանը հարց էր ուղղել այդ զինատեսակն օգտագործելու ժամանակի և տեղի ընտրության վերաբերյալ, սակայն գործող իշխանության ղեկավար Նիկոլ Փաշինյանը երեկ իր տված հարցազրույցում նախընտրեց ոչ թե այդ հարցին պատասխանել, այլ Սերժ Սարգսյանի տված հարցի բովանդակության հետ կապ չունեցող  հարց ուղղել Սերժ  Սարգսյանին։

«Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը (հրթիռը.- Ա.Ս.) չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»,- հարցել էր Փաշինյանը։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը Նիկոլ Փաշինյանի հարցադրումը որակեց անորակ իշխանության հերթական անբովանդակ հայտարարություն, որի պատասխանը գտնելն անիմաստ է դառնում։

«Այս կապիտուլյանտն այնքան սիրեց Արցախը, որը Արցախի 70 տոկոսն այլևս մերը չէ։ Սիրելով Արցախը՝ խեղդեցին ինքն ու իր թիմը։ Ինչ վերաբերում է «Իսկանդերի» հրթիռի 10 տոկոսով պայթելուն, ապա դա անհավանականության տեսությունից է։ Ենթադրենք՝ մեկ հրթիռը պայթեց 10 տոկոսով, և այդ մեկ հրթիռի հետ ինչ-որ մի բան  այն չի եղել, իսկ մյուս հրթիռների հետ ինչ է եղել»,- ասաց պաշտպանության նախկին փոխնախարարը։

Շարունակելով «Իսկանդերի» հրթիռի 10 տոկոսով պայթելու մասին Փաշինյանի ասածի և իրականության միջև կապ գտնելու թեման, Արտակ Զաքարյանը նշեց, որ Փաշինյանի ասածը մեկ բառով բնորոշում է սուտ, հետևապես պետք չէ  փորձել իրականության հետ աղերսներ գտնել։

«Բացի այդ, այս հարցն ի՞նչ կապ ուներ Սերժ Սարգսյանի ասածի հետ. նախագահը  հարցնում է՝ ինչո՞ւ ճիշտ ժամանակին, ճիշտ կուտակումների դեպքում չի կիրառվել այս զինատեսակը, այնպես որ՝ Փաշինյանի երեկվա ասածը հերթական անգամ ուղղված էր Հայաստանի պետականության դեմ։ Այս կապիտուլյանտը դարձավ ռուսական ամենակարևոր զինատեսակներից մեկի քննադատը, չերաշխավորողը, վատ կարծիք տվողը»,- ասաց Զաքարյանը՝ որպես իշխանության անհասկանալի գործողությունների շղթայի շարունակություն ներկայացնելով Շուշիի առեղծվածը։

«Անհասկանալի է, թե այս իշխանությունն ինչո՞ւ Շուշիի ուղղությամբ աշխատեցրեց «Իսկանդերը»։ Բայց մինչ այդ հարցին պատասխանելը՝ պետք է հասկանալ, թե այդ ինչպե՞ս քայլերով հակառակորդը եկավ-հասավ  Շուշի»,- ասաց նա։

Պաշտպանության նախկին փոխնախարարը կարծում է, որ Փաշինյանի այս ասածից հետո հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը կարող է կանգնել լրջագույն խնդրի առաջ՝ ընդհուպ՝ Ռուսաստանը կարող է հրաժարվել Հայաստանին ներքին գներով սպառազինության վաճառքից։

«Սա ոչ միայն բացառված չէ, այլ շատ հավանական է, չեմ բացառում, որ հրաժարվի դրանից, ինչը ձեռնտու է միայն թուրք-ադրբեջանական տանդեմին։ Պատահական չէ, որ թուրք-ադրբեջանական մամուլը երեկվանից հրճվանքի մեջ է։ Ռուսաստանին ասում են՝ դե տեսեք, թե գերիներին վերադարձնելու ձեր  ջանքերին ի պատասխան՝ ինչպես է Փաշինյանը ձեզ շնորհակալություն հայտնում»,- ասաց Զաքարյանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում