գլխավոր Գլխավոր Փաշինյանն ինչպես Փաշինյանը․ հարցազրույցից ավելի շատ հարցեր են առաջանում, քան՝ ստանում ենք...
Alternative Text
Աղվան Ասոյան

Փաշինյանն ինչպես Փաշինյանը․ հարցազրույցից ավելի շատ հարցեր են առաջանում, քան՝ ստանում ենք պատասխաններ

Բավականին երկար դադարից հետո Նիկոլ Փաշինյանը կրկին որոշեց խոսել։ Հարցազրույցի ֆորմատով։ Իր վերջին հարցազրույցից հետո Նիկոլ Փաշինյանն անգամ ուղիղ եթերով հանդես չէր եկել։ Դե լրագրողների հետ կարճ շփումների մասին խոսելն էլ ավելորդ է։ Եթե նախկինում Փաշինյանին հնարավոր էր ցանկացած անկյունում հարց տալ, ապա հիմա դա վառ երևակայության շարքից է։ Փաշինյանը շրջում է թիկնապահների բանակով, իսկ այդ թափորի խաղաղ ընթացքին էլ հարակից շենքերի տանիքներից հետևում են դիպուկահարները։ Ինչևէ։

Փաշինյանը խոսեց։ Խոսեց երկու նախագահների հարցազրույցներից հետո։ Ըստ էության, այս հարցազրույցը կարելի էր անվանել՝  «պատասխան նախկին երկու նախագահներին»։

Ի դեպ, մի հետաքրքիր օրինաչափություն կար։ Եթե նկատել եք, իրենց հարցազրույցներում նախկին երկու նախագահները չէին տալիս Նիկոլ Փաշինյանի անունը։ Ընտրում էին տարբեր դերանուններ, ձևակերպումներ, բայց ոչ երբեք՝ անունը։

Փաշինյանը նույնպես որոշեց որդեգրել այդ տակտիկան, ինչն այնքան ակնհայտ էր ու այնքան․․․ մի խոսքով։ Քոչարյանին գրեթե ոչ մի կերպ չէր անվանում, Սերժ Սարգսյանին էլ անվանում էր «Մերժվածը»։

Ու այս ամբողջ երկար ու հանդարտ զրույցի ընթացքում Փաշինյանը մի քանի պայթյունավտանգ հայտարարություն է անում․

Պայթյուն N մեկ․ Իսկանդերը չի պայթել, կամ պայթել է 10 տոկոսով

Ինչ վերաբերվում է հայտարարության երկրորդ մասին, հարցեր մի տվեք։ Անգամ մասնագետները դեռ չեն կարողանում հասկանալ՝ ինչ է նշանակում՝ հրթիռը պայթել է 10 տոկոսով։ Ինչպես նշում է Razm.Info կայքի փորձագետ Հայկ Խաչիկյանը, հրթիռի պայթուցիկը դա մեկ ընդհանուր զանգված է։ Ու ֆիզիկայից նվազագույն գիտելիքներն էլ բավական են, որպեսզի պարզ լինի՝ չի կարող ընդհանուր զանգվածի մի մասը պայթել, մնացածը՝ ոչ։

«Չեմ պատկերացնում, թե ինչպես է մի մաս պայթում, մյուսը՝ ոչ: Դժվար է հասկանալ, թե ինչ կարող էր ընդհանրապես նկատի ունենալ»։

Ասել է Հայկ Խաչիկյանը

Բայց կարևորը դա չէ, այլ այն, որ ստացվում է՝ Ռուսաստանը մեզ անպետք զենք է վաճառել։ Այս հայտարարությունը կարող է շատ վատ անդրադառնալ հայ-ռուսական՝ առանց այն էլ լարված հարաբերությունների վրա։ Իհարկե, վաղը կհայտնվեն պարզաբանումներ այս հարցի վերաբերյալ, պատգամավորներն ու գրպանային փորձագետները հատորներ կձոնեն, թե ինչ էր դա նշանակում, բայց իրողությունը դրանից չի փոխվում։ Մեր անվտանգության երաշխավորը, հաճախ նաև՝ մեր  փոխարեն բանակցողը Ռուսաստանի Դաշնությունն է, ու մեկ էլ՝ հոպ։ Համը դուրս եկավ։

Պայթյուն N երկու․ Սպառազինության պլան չի փոխվել

Այս հայտարարությունը կարելի էր ձևակերպել նաև այլ կերպ՝ «Սերժ Սարգսյանն ու Մովսես Հակոբյանը, մեղմ ասած, ստում են»։

Սկզբում, իսկ ավելի կոնկրետ՝ 2020 թվականի նոյեմբերի 19-ին, Մովսես Հակոբյանը հայտարարեց, որ սպառազինության ամբողջ պլանը փոխվել է ու, փակագծեր չբացելով, ասաց, որ նախատեսված ՀՕՊ միջոցները չեն գնվել, փոխարենը ստացել ենք ՕՍԱ ԱԿ և ՍՈՒ-30։ Առաջինը չկրակեց, երկրորդը՝ չթռավ։ Հիշեցնեմ՝ Մովսես Հակոբյանը Փաշինյանի օրոք եղել է Գլխավոր շտաբի պետ, հետո՝ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ։

Սերժ Սարգսյանն ավելի ընդլայնեց հարցականների շրջանակը։ Նա նույնպես պնդեց, որ սպառազինության պլանը փոխվել է։ Ըստ Սարգսյանի, այդ պլանով Հայաստանը մինչև 2024 թվականը պետք է գներ 2500 ԱԹՍ, իսկ մինչև 2020-ը արդեն պետք է մատակարարած լինեին դրանցից 1000-ը։

Հիմա՝ երեքից մեկը, կամ երեքից երկուսը, մեղմ ասած, «ստում են»։ Թե ո՞վ, ժամանակը կամ հետաքննությունը (եթե այն լինի ընդհանրապես) ցույց կտան։

Բայց Փաշինյանն այս առիթով մի հետաքրքիր բան էլ ասաց․

«Ասված էր, որ պետք է գնենք, բայց ասված չէր՝ ով պետք է մեզ վաճառի դրանք։ Կամ այդ գնումների ժամանակ տեղի ունեցած քաղաքական ու դիվանագիտական պրոցեսները մեր դաշնակիցներն ու բարեկամները կարող էին միանշանակ չընկալել»։

Ամեն ինչ տրամաբանական է, եթե ասողը Փաշինյանը չլիներ։ Հիմա մի քանի հարց ու ոչ հռետորական․

  • Երբ 2019 թվականի սեպտեմբերի 19-ին Իսրայելում բացում էինք Հայաստանի դեսպանատունը Իրանի պատվիրակության՝ Հայաստան ժամանելու նախօրեին
  • Երբ ԵԽԽՎ-ում կողմ էինք քվեարկում հակառուսական բանաձևերին
  • Երբ ՀԱՊԿ-ի քարտուղարին հետ էինք կանչում ու ձերբակալում
  • Երբ քո դաշնակից երկրի ղեկավարին օդակայանում դիմավորում ես նախարարության ինչ-որ տեղակալի մակարդակով

Այդ քայլերը խիստ միանշանակ ու ճի՞շտ էին  ընկալվում մեր բարեկամների ու դաշնակիցների կողմից։

Պայթյուն (դե գոնե ինձ համար)  N երեք․ Բանակում հեղափոխական փոփոխություններ չեն կատարվել։ Ես վարել եմ խիստ պահպանողական քաղաքականություն

Իսկապե՞ս։ Ու ո՞րն էր բանակում արված փոփոխություններից հենց պահպանողականը։ Ելակը՞։ Միքայել Մինասյանն իր տեսանյութերից մեկում անդրադարձավ հենց ելակին ու շեշտեց, որ դրա պատճառով (ելակ ասելով՝ Մինասյանը նկատի ուներ բանակի սննդի մատակարարումը մասնավորին հանձնելը․ խմբ․) պատերազմի օրերին սնունդը չէին կարողանում հասցնել դիրքեր, քանի որ առաջացել էին լոգիստիկ ու կազմակերպչական շատ լուրջ խնդիրներ։ Սրան չարձագանքեց պատկան մարմիններից և ոչ ոք։ Ոչ ոք չհերքեց, որ պատերազմի օրերին զորքը սոված էր մնացել։

Թե հրամկազմն արժեզրկելն ու ձվից նոր դուրս եկած սպաներին բարձրագույն պաշտոններին նշանակելը։ Բացի մեկից, փոխվել են բոլոր պաշտպանական շրջանների ղեկավարները։ Նշանակվել են այնպիսի մարդիկ, որոնք ո՛չ Արցախը նորմալ գիտեին, ո՛չ դիրքերը, ո՛չ էլ, ընդհանրապես, որևէ բան։

Երեք տարվա մեջ փոխվեց երեք Գլխավոր շտաբի պետ (Մովսես Հակոբյան, Արտակ Դավթյան, Օնիկ Գասպարյան)։ Պաշտպանության բանակի ղեկավարներն իզոլացվեցին բանակից ընդհանրապես։ Սա՞ է կոչվում պահպանողական քաղաքականություն։

Արդյունքում ստացվեց այնպես, որ ո՛չ հեղափոխականն էր հեղափոխականի նման, ո՛չ էլ պահպանողականը՝ պահպանողականի։

Հիմա մի քանի կետով էլ ներկայացնենք հարցազրույցի ամփոփ բովանդակությունը․

  • Դավիթ Տոնոյանին 2018 թվականին նշանակեցի պաշտպանության նախարար, քանի որ չէի ցանկանում բանակում կտրուկ փոփոխություններ իրականացնել։
  • Ընդդիմությունը չցանկացավ գնալ արտահերթ ընտրությունների, բայց փոխարենը իշխանական խմբակցությունը մինչև հունիս այդ հարցին էլ չի անդրադառնա։
  • Մինչև իշխանափոխությունը Հայաստանում միայն մեկ գործող ինստիտուտ կար՝ կոռուպցիա։ Ես եկա և քանդեցի այդ ինստիտուտը։
  • Ամուլսարը հանք կդառնա։

Հարցազրույցի ընթացքում չհնչեցին բազմաթիվ հարցերի պատասխաններ, որոնք կարող են լույս սփռել այս պատերազմում կրած խայտառակ պարտության պատճառների վրա։

  • Ինչու՞ չկրակեցինք Գյանջայի օդակայանի վրա։
  • Ինչու՞ այդ գրողի տարած «Իսկանդեր»-ը կրակեց Շուշիի վրա, իսկ որ այն կիրառվել է ու հենց Շուշիի ուղղությամբ, արդեն կասկածներ չկան։
  • Ինչու՞ չհայտարարվեց համընդհանուր զորահավաք։
  • Ինչու՞ պատերազմին մասնակցեց ՀՀ ԶՈՒ-ի կեսից էլ պակաս անձնակազմը։
  • Ինչու՞ անձնակազմի մի մասը չուներ պատշաճ հանդերձանք։

Ու նմանատիպ բազմաթիվ ինչուների պատասխաններ մնում են օդում կախված ու որդի պես կրծում են մեզ ներսից ու դրսից։

Սպասենք հաջորդ հարցազրույցին։ Գուցե ա՞յդ ժամանակ վերջապես ստանանք այս հարցերի գոնե մի մասին պատասխանը։ Թեև դրանից ոչինչ չի փոխվի։ Արցախ հայրենիքն այլևս կորցրել ենք ու ոչ ոք մատը մատին չի տալիս ու անգամ չի մտածում այն վերադարձնելու համար։ Հիմա չէ, հետո, 100 տարուց։ Գուցե մենք այլևս այդ օրը չտեսնենք։ Բայց Արցախը հայկական է, և վերջ։

Աղվան Ասոյան