գլխավոր Իրադարձային Մեկ ցույցի ընթացքում 2 հարձակում լրագրողների վրա․ մասնագետներն ու պաշտոնյաներն արձագանքում են

Մեկ ցույցի ընթացքում 2 հարձակում լրագրողների վրա․ մասնագետներն ու պաշտոնյաներն արձագանքում են

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի ժամանակ խոչընդոտվել է «Ազատություն TV» լրատվականի աշխատանքը: Ակցիային մասնակից մի խումբ քաղաքացիներ փորձեցին հարձակվել «Ազատության» լրագրողի և օպերատոր վրա՝ ոտքերով հարվածներ հասցնելով և հնչեցնելով վիրավորական արտահայտություններ: Վնասվել է նաև տեսախցիկը:

Միջադեպին անդրադարձել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Քիչ առաջ տեղեկացա, որ այսօր երթի ընթացքում միջադեպ է գրանցվել «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի և օպերատորի նկատմամբ: Հարգելի քաղաքացիներ, ցանկացած բռնություն կամ ատելություն և հատկապես լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ համարում եմ անթույլատրելի և ծայրաստիճան դատապարտելի արարք: Կոչ եմ անում մեր քաղաքացիներին որևէ դեպքում և որևէ պայմաններում լրատվության միջոցների ներկայացուցիչներին չթիրախավորել»:

Դեպքին անդրադարձել է նաև Մեդիա պաշտպանը՝ ֆեյսբուքյան գրառմամբ։ Վերջինս դատապարտել է ցանկացած ոտնձգություն լրագրողի աշխատանքի նկատմամբ։

Հիշեցնենք, որ սա միակ դեպքը չէ, երբ խոչընդոտել են լրագրողին մասնագիտական գործունեությունն իրականացնելիս։ Այսօր կառավարության 3-րդ մասնաշենքի հարակից տարածքում քաղաքացիներին բերման ենթարկելիս ոստիկանները հրել են Սպուտնիկ Արմենիա լրատվականի օպերատորին։ Վերջինս ուժեղ հարվածից ցած է ընկել։

Լրագրողների աշխատանքը խոչընդոտելու միջադեպին անդրադարձել է նաև լրագրող Լևոն Սարդարյանը։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է։

«Էսօր լրագրողների հետ կապված երկու միջադեպ գրանցվեց։ Նախ, ոստիկանը միտումնավոր գետնին տապալեց իր մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողին։ Հետո արդեն ցուցարարների մի խումբ հարձակվեց մեկ այլ լրատվամիջոց ներկայացնող նկարահանող խմբի վրա։ Լրատվամիջոցների անունները հատուկ չեմ գրում, որովհետև ինձ համար միևնույնն է։ Բայց միևնույնը չէ օրենքը, համաձայն որի լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է։ Այսինքն՝ ակնկալում եմ վաղն արդեն երկու քրեական գործի հարուցման մասին լսել։ Առնվազն»,- գրել է Լևոն Սարդարյանը։

Այս միջադեպին Մեդիա պաշտպանը նույնպես արձագանքել է։ Այս դեպքի առթիվ՝ Մեդիա պաշտպանը կոչ է արել ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը ծառայողական քննություն սկսել։