գլխավոր COVID-19 Համաշխարհային բանկը սպառնացել է դադարեցնել COVID-19-ի դեմ պատվաստման արշավի ֆինանսավորումը Լիբանանում

Համաշխարհային բանկը սպառնացել է դադարեցնել COVID-19-ի դեմ պատվաստման արշավի ֆինանսավորումը Լիբանանում

Համաշխարհային բանկը սպառնացել է Լիբանանում դադարեցնել COVID-19-ի դեմ պատվաստման արշավի ֆինանսավորումն այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ որոշ օրենսդիրներ արտահերթ են պատվաստվել, փոխանցում է Reuters-ը:

Համաշխարհային բանկի մեկնաբանությունները հաջորդել են երկրի որոշ բնակիչների եւ բժիշկների հիասթափությանը այն առումով, որ պատվաստումը դանդաղ է ընթանում և կարող է ուղեկցվել խախտումներով:

Լիբանանն այս ամիս Համաշխարհային բանկի աջակցությամբ ստացել է Pfizer-BioNTech-ի պատվաստանյութի իր առաջին խմբաքանակը՝ մոտ 28 հազար դեղաչափ. ՀԲ-ն հայտարարել էր, որ վերահսկելու է, որպեսզի պատվաստանյութերը հասնեն դրա կարիքն առավել ունեցողներին:

COVID-19-ի դեմ պատվաստանյութերի գնման իր առաջին գործողության շրջանակում Համաշխարհային բանկը վերաբաշխել էր 34 մլն դոլար, որ Լիբանանին օգներ սկսել պատվաստումը:

Երբ լրատվամիջոցները հայտնել են, որ որոշ պատգամավորներ երեքշաբթի պատվաստվելու են COVID-19-ի դեմ, Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Սարոջ Քումար Ջհան հայտարարել է, որ դա կխախտի արդարացի պատվաստման համաձայնեցված ազգային ծրագիրը:

«Խախտումը հաստատվելու դեպքում հնարավոր է, որ Համաշխարհային բանկը դադարեցնի նաեւ ամբողջ Լիբանանում պատվաստանյութերի ֆինանսավորումը,- նշել է նա Twitter-ում: – Ես դիմում եմ բոլորին, նկատի ունեմ բոլորին՝ անկախ ձեր պաշտոնից, խնդրում եմ գրանցվեք եւ սպասեք ձեր հերթին»:

Երկրի առողջապահության նախարարությունը փորձել է փարատել մտավախությունները, որ քաղաքական գործիչները արտահերթ կստանան պատվաստանյութը:

Պատգամավորներից մեկն ասել է, որ 75-ն անց գործող եւ թոշակավորված պատգամավորները, ինչպես նաեւ մի քանի վարչական աշխատողներ պատվաստվել են խորհրդարանի դահլիճում: «Բանն ինչո՞ւմ է: Նրանք 75 տարեկանից մեծ են, նրանք գրանցված են»,- ասել է նա: