գլխավոր Աշխարհ Թուրքիայում քուրդ նախկին քաղաքապետն ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու մեղադրանքով ազատազրկման է դատապարտվել

Թուրքիայում քուրդ նախկին քաղաքապետն ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու մեղադրանքով ազատազրկման է դատապարտվել

Թուրքական դատարանն աշխատանքից հեռացված քուրդ քաղաքապետին ահաբեկչական կազմակերպությանն անդամակցության մեղադրանքով 7 տարի վեց ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտել, հաղորդում է Ahval-ը:

Հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Սուր շրջանի նախկին համաքաղաքապետ Ֆիլիզ Բուլուտտեկինը պաշտոնից հեռացվել էր 2019 թվականի դեկտեմբերին՝ ահաբեկչության հետ կապ ունենալու կասկածանքով վարվող հետաքննության շրջանակներում կալանավորվելու հետևանքով:

Նա քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» տասնյակ քաղաքապետերից մեկն է, որոնք նման մեղադրանքների պատճառով վերջին մի քանի տարիների ընթացքում փոխարինվել են կառավարության կողմից նշանակված պաշտոնյաներով:

Երկուշաբթի Դիարբեքիրի դատարանը Բուլուտտեկինին դատապարտել է՝ անօրինական «Քրդստանի աշխատավորական կուսակցությանն» անդամակցելու համար։ Դատախազը դատապարտման համար հիմք է համարել նախկին քաղաքապետի՝ 2017–ից 2019 թվականներին անցկացված ցույցերին մասնակցությունը և նրա անդամակցությունն այժմ գործող «Ազատ կանանց կոնգրես» կազմակերպությանը, որը քուրդ կանանց հովանավորող ամենամեծ կազմակերպությունն է Թուրքիայում:

Սուր շրջանը, որտեղ Բուլուտտեկինը քաղաքապետի պաշտոն էր զբաղեցնում, մեծ վնասներ է կրել 2015-ին բռնկված քաղաքային բախումների ընթացքում։ Շրջանի գրեթե կեսը քանդվել և մաքրվել է բնակիչներից, իսկ բախումների հետևանքով հայտարարվել է պարետային ժամ: